Ադրբեջանի ներխուժումն Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի շարունակվում է. ԱԳՆ-ն քարտեզներ է հրապարակել

28.03.2022, 12:55
Ադրբեջանի ներխուժումն Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի շարունակվում է. ԱԳՆ-ն քարտեզներ է հրապարակել
Ադրբեջանի ներխուժումն Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի շարունակվում է. ԱԳՆ-ն քարտեզներ է հրապարակել
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գոհունակությամբ արձանագրում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները հստակ գնահատական են տվել Լեռնային Ղարաբաղում իրադրության վերջին սրմանը՝ փաստելով, որ այն հետևանք է ադրբեջանական զորքերի շարժի, հայտնում են ԱԳՆ-ից:

«Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե բանակային ստորաբաժանումները ետ քաշելու կոչ է հղել ադրբեջանական կողմին: Մարտի 27-ին էլ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, թե ադրբեջանական կողմը իր ստորաբաժանումները դուրս է բերել Լեռնային Ղարաբաղի Փառուխ բնակավայրի հատվածից: Այսուհանդերձ, ստիպված ենք արձանագրել, որ ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի շարունակվում է, ինչը արտահայտված է կից ներկայացված քարտեզներում», - նշում եմ ԱԳՆ-ից:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից ակնկալում են, որ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը կոնկրետ միջոցներ կձեռնարկի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը խաղաղապահների պատասխանատվության գոտի դադարեցնելու և Ադրբեջանի զինված ուժերը դուրս բերելու համար:

«Կարևոր ենք համարում, որ ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման այս ողջ ընթացքում խաղաղապահ զորախմբի գործողությունների պատշաճ քննություն տեղի ունենա և տրվեն մի շարք հարցերի պատասխաններ», - նշել են ԱԳՆ-ից:

Ծանոթագրություն կցված քարտեզներին

Երկու քարտեզներում էլ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտու ուրվագիծը վերցված է ՌԴ պաշտպանության նախարարության կայքէջից:

2022թ. մարտի 24-ի իրադրությունը նկարագրող քարտեզում հստակ երևում է, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում ադրբեջանական հենակետեր չկան:

2022թ. մարտի 28-ի առավոտյան ժամը 09.00-ի իրադրությունը արտահայտող քարտեզում երևում է, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում տեղադրված են ադրբեջանական հենակետեր:-0-

 - рис.1