Հայկական կողմը կուսումնասիրի եզդի զինվորին գլխատած զինվորական հանցագործին պարգևատրելու փաստը

03.05.2016, 16:01
Հայկական կողմը կուսումնասիրի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից` եզդի զինծառայող Քյարամ Սլոյանին գլխատած զինվորական հանցագործի պարգևատրման փաստը, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
Հայկական կողմը կուսումնասիրի եզդի զինվորին գլխատած զինվորական հանցագործին պարգևատրելու փաստը

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայկական կողմը կուսումնասիրի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից` եզդի զինծառայող Քյարամ Սլոյանին գլխատած զինվորական հանցագործի պարգևատրման փաստը, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Սոցիալական ցանցերում լուսանկարներ են հայտնվել, որոնցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարգևատրում է արցախյան բանակում ծառայող եզդի զինվորին գլխատած և տեսախցիկների առջև նրա գլուխը ցուցադրած զինվորական հանցագործին։

Ադրբեջանի նախագահը պարգևատրել է եզդի զինվորին գլխատած վայրագին>>

Ղարաբաղյան հակամարտության գոտում աննախադեպ սրման ընթացքում մամուլում և սոցցանցերում հայտնվել էին ցնցող կադրեր, որոնցում ադրբեջանցի զինծառայողները ցուցադրում են 20–ամյա եզդի Քյարամ Սլոյանի կտրած գլուխը։ Հենց այդ զինծառայողներից մեկին է պարգևատրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ ողջ տեղեկատվությունը լրացուցիչ կուսումնասիրվի, կատարվել է համեմատություն և հավաքվել են անհրաժեշտ փաստաթղթեր, որոնք հաստատման դեպքում կներկայացվեն համապատասխան կառույցներին։

Ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ Ադրբեջանը կատարել է նաև մի շարք այլ ծանր ռազմական հանցագործություններ, որոնք կուսումնասիրվեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։

Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։-0-