ՄԱԿ-ը գնահատել է Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտերի զոհերի թիվը

04.04.2016, 12:57
ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման վարչությունը հրապարակել է հանգստյան օրերին Լեռնային Ղարաբաղում գրանցված մարտերի  հետևանքով զոհերի և վիրավորների թիվը:
 ՄԱԿ-ը գնահատել է Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտերի զոհերի թիվը

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման վարչությունը (ՄՀՀՎ) հրապարակել է հանգստյան օրերին Լեռնային Ղարաբաղում գրանցված մարտերի  հետևանքով զոհերի և վիրավորների թիվը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնական տվյալների համաձայն, առնվազն 30 զինվոր և 3 խաղաղ բնակիչ է զոհվել մարտական գործողությունների հետևանքով: Դեռևս պաշտոնապես հաստատված չէ վիրավորների թիվն ինչպես քաղաքացիական անձանց, այնպես էլ զինվորականների շրջանում: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն, այն գերազանցում է 200-ը», - ասվում է կիրակի օրը հրապարակված փաստաթղթում:

Ադրբեջանական զորքերը ժամը 07:00-ի սահմաններում ինտենսիվ հրետակոծություններ են սկսել >>

ՄՀՀՎ-ի տվյալներով, մարտական գործողությունների էպիկենտրոնում գտնվող գյուղերում, ընդհանուր առմամբ, բնակվում է շուրջ 14,4 հազար մարդ: Միաժամանակ, ՄԱԿ-ը չունի «վնասված ենթակառուցվածքների, քաղաքացիների տարհանման կամ մարդասիրական կարիքների» վերաբերյալ տվյալներ:

«Ադրբեջանի իշխանությունը տեղեկացրել է, որ մարդկանց ներքին տարհանումներ չկան, մինչդեռ Հայաստանի կողմից 50 մարդ Երևանում ժամանակավոր ապաստան է խնդրել: Երկու կառավարություններն էլ հայտարարել են, որ միջազգային մարդասիրական օգնության կարիք չունեն», - նշվում է փաստաթղթում:

Կողմերի դիրքորոշումները

Ապրիլի 3-ին Հայաստանի պաշտպանության առաջին փոխնախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ հանրապետությունը պատրաստ է իրավիճակի ցանկացած զարգացման` ընդհուպ մինչև անհրաժեշտության դեպքում Լեռնային Ղարաբաղին անմիջական զինված օգնություն ցուցաբերելը:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը նաև տեղեկացրել է, որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակն իր պատրաստակամությունն է հայտնել ադրբեջանական կողմի հետ քննարկել զինադադարի առաջարկը` շփման գծում «նախկին դիրքերը վերականգնելու համատեքստում»:

Երեք տանկից բացի, ղարաբաղյան ուժերը խոցել են հակառակորդի ևս 2 տանկ. Արծրուն Հովհաննիսյան>>

Ադրբեջանի նախագահն իր հերթին հայտարարել է, որ Բաքվի սկզբունքային դիրքորոշումը կայանում է նրանում, որ երկրի տարածքային ամբողջականությունը «բանակցությունների քննարկման թեմա չէ, չի եղել և չի լինի»:

Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

Ինչպես հայտնում է ՄԱԿ-ի մարդասիրական վարչությունը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բնակվում է շուրջ 150 հազար մարդ: Ընդ որում` այդ շրջանում գործող միակ միջազգային մարդասիրական գործակալությունը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն է:

ՄՀՀՎ-ն հայտնել է, որ իրավիճակի կտրուկ սրացման կապակցությամբ Հայաստանում ստեղծվել է օպերատիվ խումբ, որը բաղկացած է ՄԱԿ-ի, տեղական և միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների, ինչպես նաև ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներից: Ադրբեջանում ՄԱԿ-ի վարչությունն իր հերթին երկրի կառավարության հետ միասին համակարգում է մարդասիրական ջանքերի նախապատրաստումը: -0-