ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի./Նովոստի-արմենիա/. Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, հաղորդում է Արցախի տեղեկատվակա շտաբը:
«Ակնհայտ է, որ Ադրբեջանն այս քայլով դիմում է սադրանքի Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապի ընդհատման և խաղաղ բնակչությանը հոգեբանական ահաբեկչության ենթարկելու համար», - նշվում է հաղորդագրության մեջ:
Միջադեպի վերաբերյալ պատշաճ տեղեկացված է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը: Արցախի լիազոր պետական մարմինները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները իրավիճակի կարգավորման ուղղությամբ:
Ինչպես հայտնում է տեղեկատվական շտաբը, Ավելի քան երկու ժամ է շարունակում է փակ մնալ Արցախ-Հայաստան միակ մայրուղին:
Ճանապարհը բացելու նպատակով ադրբեջանական կողմի հետ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատուները շարունակում են ակտիվ բանակցություններ վարել: Խնդրի հնարավորինս արագ կարգավորման ուղղությամբ Արցախի լիազոր պետական մարմինները օպերատիվ կապի մեջ են խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ:
«Իրավիճակի փոփոխության դեպքում հանրությանը պատշաճ կտեղեկացվի», - նշվում է հաղորդագրության մեջ:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում