Մանկությունից մինչև մահ. Վազգեն Սարգսյանի մասին ֆիլմ է նկարահանվում, գլխավոր դերում Խորեն Լևոնյանն է (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/. Սպարապետ Վազգեն Սարգսյանի զարմուհին՝ Նոնա Սարգսյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ մեկնարկել են սպարապետ Վազգեն Սարգսյանին նվիրված ֆիլմի նկարահանման աշխատանքները։
Նա նշել է, որ ֆիլմը նկարահանվում է Genetic Production-ի կողմից, իսկ սպարապետի կերպարը մարմնավորում է դերասան Խորեն Լևոնյանը։
«Ֆիլմը բացառապես հիմնված է իրական դեպքերի վրա և ներկայացնում է իրական Վազգեն Սարգսյանին՝ մանկությունից մինչեւ մահը: Եվ իհարկե, Վազգեն Սարգսյանի դերում հանդես է գալիս Խորեն Լևոնյանը: Խոստանում ենք 2025 թվականին ներկայացնել այս բացառիկ ֆիլմը»,- գրել է Նոնա Սարգսյանը։
Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը ևս ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ֆիլմի նկարահանման մասին՝ կից կիսվելով տեսանյութով։
«Սկսվել են Նկարահանումները, երբ կավարտվի, չգիտեմ, գիտեմ միայն, որ ամբողջ թիմը ջանք ու եռանդ չի խնայում Վազգենին վայել արդյունք ստանալու համար։ Ընտրված են լավագույն արտիստներ, և վստահ եմ շատ մեծ արձագանք կունենա»,- տեսանյութին կից գրել է Արմեն Սարգսյանը։

