Ֆուտուրիստական տեսարան Պեկինում. 50 մարդակերպ ռոբոտներ մարտարվեստի «շոու» են ներկայացրել (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ Չինական Unitree Robotics ընկերության մշակած մարդակերպ ռոբոտները տպավորիչ մարտարվեստի ցուցադրություն են անցկացրել Պեկինի խորհրդանշական Երկնքի տաճարում, գրում է CGTN-ը։
Ընկերության հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես են 50 G1 մոդելի ռոբոտները ներկայացրել մարտարվեստի արտասովոր հնարքներ՝ միահյուսելով ավանդույթը և տեխնոլոգիան։
Տոնական կարմիր շապիկներ հագած ռոբոտները ցուցադրել են համաժամանակյա հնարքներ կատարելու իրենց կարողությունը։
Նրանք իրենց ճկուն շարժումներով, կայծակնային արագության թռիչքներով ու բարդ հնարքներով մարմնավորել են չինական մարտարվեստի էությունը:
Հատկանշական է, որ տեսանյութն ուղեկցվում է «իրական նկարահանում է, այլ ոչ թե AI-գեներացիա» մակնշմամբ՝ տեխնոլոգիական նվաճումն ընդգծելու համար:
Դեռևս փետրվարի 16-ին կայացած գալա-համերգի ժամանակ Unitree Robotics-ի սարքերը գրանցել էին համաշխարհային մակարդակի մի շարք տեխնիկական ռեկորդներ. ազատ ոճի «պարկուրը», ավելի քան 3 մետր բարձրությամբ օդային սալտոն, մեկ ոտքի վրա շարունակական սալտոները, պատի օգնությամբ երկքայլ հետադարձ սալտոն և 7,5 պտույտով «Airflare» պտույտը:
«Unitree Robotics»-ի գործադիր տնօրեն Վան Սինսինը հայտնել է, որ 2026 թվականին ընկերությունը մշակում է նոր տեսակներ՝ կենցաղային ռոբոտներից մինչև տեխնոլոգիական սահմաններն ընդլայնող փորձարարական նմուշներ։ Նրա խոսքով՝ ընկերության այս տարվա գլխավոր նպատակը ռոբոտների միջոցով մարդկային ռեսուրսի արդյունավետության բարձրացումն է։

