17.1 մլրդ դոլարի կարողություն և ավելի քան 100 երեխա. Պավել Դուրովը կտակ է կազմել

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ 17.1 մլրդ դոլարի կարողությամբ Պավել Դուրովը Forbes-ի գերհարուստների ցուցակում զբաղեցնում է 118-րդ տեղը: Telegram-ի ստեղծողն ունի գրեթե նույնքան երեխա։ Երեխաներից վեցը բեղմնավորվել են բնական ճանապարհով, իսկ հարյուրից ավելին՝ սերմի դոնորության միջոցով: Տեղեկացնում է BILD Telegram-յան ալիքը։
Ինչպես նշում է աղբյուրը, այս բոլոր երեխաներն ունեն մեկ ընդհանուր բան. նրանք պետք է ժառանգեն իրենց հոր կարողությունը հավասար բաժիններով: 106 երեխաների դեպքում յուրաքանչյուրը կստանա մոտ 160 մլն դոլար:
«Ես որոշել եմ, որ իմ երեխաները կկարողանան տեր լինել իմ կարողությանը 30 տարի անց: Ուզում եմ հստակեցնել, որ ես տարբերություն չեմ դնում իմ երեխաների միջև: Նրանք բոլորըն էլ իմ երեխաներն են, և բոլորն էլ ունեն նույն իրավունքները: Ես չեմ ուզում, որ նրանք վիճեն ժառանգության համար իմ մահից հետո», - ասել է Դուրովը ֆրանսիական Le Point պորտալին տված հարցազրույցում:
«Ես ուզում եմ, որ իմ երեխաները ապրեն սովորական մարդկանց պես, կառուցեն իրենց անձնական կյանքը, սովորեն վստահել իրենց, ստեղծեն արժեքներ և կախված չլինեն բանկային հաշվից»։
Իր իսկ խոսքերով՝ 40-ամյա միլիարդատերը 15 տարի սերմի դոնոր է։
Պավել Դուրովը չի ծխում, չի խմում ալկոհոլ և չի ուտում շաքար։ Ամեն օր նա կատարում է 300 հրում և 300 նստացատկ։ Սակայն, 40 տարեկանում մտածեց մահվան մասին և կտակ կազմեց.
«Ով պաշտպանում է ազատությունը, շատ թշնամիներ է ձեռք բերում, այդ թվում՝ հզոր երկրներում։ Ես ուզում եմ պաշտպանել իմ երեխաներին, բայց նաև ընկերությունը։ Ես ուզում եմ, որ Telegram-ը միշտ հավատարիմ մնա այն արժեքներին, որոնց համար ես պայքարել եմ»։
2006 թվականին Դուրովը եղբոր հետ հիմնադրեց VKontakte-ն։ Ավելի ուշ նա կոնֆլիկտի մեջ մտավ ռուսական հետախուզական ծառայությունների հետ՝ հրաժարվելով փակել այն խմբերը, որոնցում ռուսները համակարգում էին բողոքի ցույցերը Վլադիմիր Պուտինի ռեժիմի դեմ։ Նա նաև հրաժարվեց կատարել Ալեքսեյ Նավալնիի էջը ջնջելու պահանջը։ VKontakte-ի վաճառքից ստացված գումարով նա Telegram մեսենջերը դարձրեց հայտնի ամբողջ աշխարհում։ Դրա արժեքը գնահատվում է մինչև 30 միլիարդ դոլար։