422.58
4.25
391.97
+14
Եղանակը Երևանում
Հայ

Քաղաք-արևածաղիկ և Օպերայի թատրոնի «կորուսյալ» դահլիճը. ինչպես է ստեղծվել Երևանի բացառիկ ճարտարապետությունը

10:00
26 Նոյեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և, մասնավորապես, Երևանի ճարտարապետության պատմությունն անցել է բազմաթիվ փուլեր: Քաղաքաշինությունը սկսել է ակտիվորեն զարգանալ անցյալ դարի 20-ականների սկզբից, երբ Հայաստանի Հանրապետություն սկսեցին գալ երիտասարդ և տաղանդավոր մասնագետներ, որոնք ձեռնամուխ եղան մայրաքաղաքի շինարարությանը: Այս գործընթացը տևեց տասնամյակներ, և Երևանը ստացավ իր բացառիկ տեսքը՝ դառնալով խորհրդային տարածքի ամենագեղեցիկ մայրաքաղաքներից մեկը:

Քաղաքաշինության պատմության հիմնական փուլերի, ինչպես նաև լայն հասարակության համար հետաքրքիր ու երբեմն անհայտ փաստերի մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը պատմեց Ա.Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը։

«Նովոստի-Արմենիա». պարոն Գրիգորյան, ո՞ր իրադարձությունը կարելի է պայմանականորեն համարել խորհրդային ժամանակաշրջանի Հայաստանիճարտարապետության սկիզբը:

Մ. Գրիգորյան. ես կոնկրետ ժամանակ չէի նշի, և ահա թե ինչու: Քաղաքաշինությունը ժամանակային առումով շատ ձգված գործընթաց է: Սովորաբար խորհրդային աղբյուրներում ընդունված է համարել, որ Երևանի քաղաքաշինությունը մեկնարկել է Ալեքսանդր Թամանյանից, երբ նա 1923թ.–ին եկավ Երևան, իսկ 1924 թ.–ին ներկայացրեց քաղաքի գլխավոր հատակագիծը:

Իրականում, Երևանի առաջին գլխավոր հատակագիծը ստեղծել է հողաչափ Ստոցկին 1856 թվականին: Հետո քաղաքի գլխավոր ինժեներ Բորիս Մեհրաբովը ստեղծեց մեկ այլ հատակագիծ: Բայց նա պարզապես արձանագրեց քաղաքի հետ կապված իրավիճակը 1906-1911 թվականներին: Այս առումով շատ բան համապատասխանում էր Ստոցկու՝ արդեն իրականացված գլխավոր հատակագծին:

Ալեքսանդր Թամանյանը Երևան է եկել 1919-ին` Առաջին հանրապետությունում Հայաստանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը ստանձնելու համար, հենց այդ ժամանակ նա սկսել է մշակել Երևանի առաջին գլխավոր հատակագիծը: Ընդ որում նա ստեղծում էր քաղաք-այգի:

Այդ տարիներին դա շատ արդյունավետ գաղափար էր, հատկապես 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին: Դրա հեղինակը անգլիացի քաղաքաշինարար Էբենեզեր Հովարդն էր: Գաղափարն այն էր, որ կառուցվում էր կենտրոն, նրա շուրջ տեղակայվում էր այգիների օղակ, հետո` արդյունաբերական գոտի:

Բայց Հովարդի քաղաք–այգիները նախատեսված էին առավելագույնը 30 հազար մարդու համար: Իսկ Թամանյանը, ով ժամանակին արդեն մասնակցել էր Մոսկվայի մարզում քաղաք–այգիների կառուցմանը, Թեհրանից վերադառնալուց հետո, որտեղ նա որոշ ժամանակ ապրել է, 1924 թ.-ին Երևանում ներկայացրեց ոչ թե 30 հազար, այլ 150 հազար մարդու համար նախատեսված քաղաք–այգու նախագիծ: Նա այն դարձրեց ավելի հարուստ և բազմազան, քան Հովարդի նախագծում էր՝ ծառուղիների օղակի հաշվին:

Ереван с самолета

Թամանյանը կարծում էր, որ օղակն ամբողջական կլինի, բայց իրականում այն ընդհատվում է: Դերասանի տնից սկսած՝ այն ձգվում է մինչև «Ռոսիա» կինոթատրոն: Իսկ հյուսիսային կողմից ընդհատվում է. Բաղրամյան պողոտայում գտնվող Գրողների տնից անհրաժեշտ էր գեոդեզիական շատ լուրջ աշխատանքներ իրականացնել, ինչը չափազանց թանկ էր, և այս մասում օղակն անավարտ էր:

Մոսկովյան, Իսահակյան և Կորյուն փողոցներն ի սկզբանե կոչվում էին Առաջին, Երկրորդ և Երրորդ շրջանային փողոցներ: Մեր օրերում Շրջանային փողոց ասելիս` ժողովրդին ծանոթ է միայն մեկ խաչմերուկ:

Նովոստի-Արմենիա. Երևանում ո՞ր շենքն է առաջինը կառուցվել խորհրդային տարիներին:

Մ. Գրիգորյան. 1915 թվականին տասնյակ հազարավոր փախստականներ եկան Երևան: Բառացիորեն քաղաքի բոլոր անկյունները նրանց հանձնվեցին: Բնակարանների գները կտրուկ բարձրացան, մարդիկ, ովքեր փող չունեին բնակարան գնելու համար, ապրում էին բաց երկնքի տակ՝ Էջմիածնի մոտ: Եվ նրանց համար անհապաղ անհրաժեշտ էր կառուցել մեծ թվով բնակարաններ:

Պետք է նշել, որ մինչև 1925 թվականը փոքր տները կառուցվում էին առանց ճարտարապետների: Մինչև 1926 թվականը երկրաշարժերից վախենալու պատճառով արգելվում էր 10 մետրից բարձր շենք կառուցել: Առաջին «բազմահարկ» տները կառուցվել են 1925 թվականին Երևան եկած Նիկոլայ Բունիաթյանի նախագծով՝ Նալբանդյան և Թումանյան փողոցների անկյունում: Սրանք Հայաստանի մայրաքաղաքի առաջին երկու «բազմահարկ» շենքերն էին, որոնք ունեին երեքական հարկ: Այդ ժամանակ դա բացարձակ հեղափոխություն էր:

Պետք է այդպիսի չորս շենք լիներ, բայց դրանք չկառուցվեցին: Նույն 1926 թվականին երկրաշարժ գրանցվեց, բայց այդ երկու շենքերը կանգուն մնացին, ուստի դրանից հետո Երևանում թույլատրվեց եռահարկ շենքերի կառուցումը: Այնուհետև Երևանի գրեթե բոլոր եռահարկ շենքերի համար վերնաշենքեր կառուցվեցին: Խորհրդային տարիներին դա այնքան խելացի և ճաշակով էին անում, որ նույնիսկ նկատելի չէր:

1929 թ.-ին Մոսկվայից Երևան եկան երեք ճարտարապետներ, որոնք նոր էին ավարտել Գեղարվեստական և տեխնիկական բարձրագույն արհեստանոցները (Վխուտեմաս), որոնք այն ժամանակ կոչվում էին Բարձրագույն գեղարվեստական և տեխնիկական ինստիտուտ (Վխուտեին): Նրանք էին Կարո Հալաբյանը, Միքայել Մազմանյանը և Գևորգ Քոչարը:

Նրանք իրենց հետ բերեցին առաջադեմ մոսկովյան գաղափարներ: Ամենաառաջադեմ գաղափարներից մեկը համայնքային շենքի գաղափարն էր: Իրականում, այդ ժամանակ Մոսկվայում համայնքային տներ արդեն չէին կառուցում, բայց Երևանի համար դա բոլորովին նոր բան էր: Համայնքային շենքերն իրենցից ներկայացնում են առնվազն երկու շենք. մեկում մարդիկ ապրում են, իսկ մյուսում ժամանակ են անցկացնում:

Նախատեսվում էր, որ երկրորդ մասնաշենքում կլինի գրադարան, կինոթատրոն, լվացքատուն, ճաշարան, մարզադահլիճ, մանկական սենյակներ: Սակայն, համայնքային շենքերի բնակարանները շատ փոքր էին, օրինակ՝ ընդհանրապես խոհանոց չպետք է լիներ, քանի որ նախատեսվում էր, որ բնակիչները պետք է սնվեին ճաշարանում:

Ճարտարապետները շատ եռանդով էին առաջ տանում համայնքային շենքերի գաղափարը, և հատկապես եռանդուն էր Միքայել Մազմանյանը: Նրանց նույնիսկ թույլատրվեց մեկ այդպիսի շենք կառուցել: Նրանք կառուցեցին մի հատվածը՝ բնակելին: Այդ շենքը դեռ կանգուն է և գտնվում է Պարոնյան 7 հասցեում: Այն կոչվում էր «Շախմատի տուն», քանի որ ճակատային հատվածում շախմատային կարգով դասավորված էին պատուհանները և պատշգամբները: Այս տան շինարարության մասին 1931 թվականին լույս է տեսել Մկրտիչ Արմենի «Երևան» վեպը:

Նովոստի–Արմենիա.. խորհրդային ժամանակաշրջանի Երևանում ի՞նչը կնշեիք որպես քաղաքաշինության «ճարտարապետական առանձնահատկություն»:

Մ. Գրիգորյան. Թամանյանական քաղաքաշինության հատակագծի առանձնահատկություններից մեկը քաղաքում երկու հրապարակների առկայությունն է: Մեկը՝ ներկայիս Հանրապետության Հրապարակն է, որը պետք է դառնար քաղաքի վարչական կենտրոնը: Այդ հրապարակում, Թամանյանի մտահղացմամբ, պետք է լիներ Կառավարական տունը: Պողոտան, որը ճարտարապետն անվանել էր Հյուսիսային, այդ հրապարակից պետք է տաներ դեպի Ժողովրդական տան առջև գտնվող մյուս հրապարակ, որը ներկայիս Օպերայի թատրոնի շենքն է: Լենինի հրապարակից (ներկայումս՝ Հանրապետության Հրապարակ, խմբգր.) դեպի հարավ պետք է ընկած լիներ Հարավային պողոտան, որն այժմ կոչվում է Տիգրան Մեծ: Եթե նայենք Երևանի քարտեզին, ապա Հարավային և Հյուսիսային պողոտաները շատ հստակ իրար են շարունակում: Այդ գիծը դարձել է քաղաք-այգու բնական տրամագիծը:

правительство, Ереван, площадь Республики

Օպերայի առջևի հրապարակը հավասար է Հանրապետության Հրապարակի ձվաձև հատվածին: Թամանյանի մտահղացմամբ, դրանք պետք է լինեին նույն մեծության ու հզորության կենտրոններ. վարչական, որտեղ գտնվում է կառավարությունը և որտեղից ղեկավարվում են քաղաքն ու հանրապետությունը, և Արվեստի կենտրոնը, որը նաև հոգևոր կենտրոնն է: Հենց սրանում էր թամանյանական հատակագծի գլխավոր առանձնահատկությունը:

Արվեստի կենտրոն ստեղծելու համար Թամանյանը ստիպված էր քանդել Գեթսեմանի փոքրիկ մատուռը: Նա լեգենդ էր հորինել այն մասին, որ այդ մատուռի տեղում եղել է հնագույն հելլենիստական տաճար, որը նվիրված էր մուսաներին: Դա արվել էր վայրի շարունակականությունն ընդգծելու համար: Ի դեպ, Գեթսեմանի մատուռի շուրջ եղել է փոքրիկ գերեզմանատուն, և Կոնսերվատորիայի դիմացի այգին այդ գերեզմանատան մի մասն է:

Եվ ահա եկավ 1937թ.-ը: Աշնանը Երևան ժամանեցին Բերիան, Մալենկովը և Միկոյանը: Միկոյանին վիճակված էր Հայաստանին ներկայացնել նոր սոցիալիստական ապագան: Նա իր հետ էր բերել Գրիգոր Հարությունյանին, ով ՎԿԿ Թբիլիսիի քաղկոմի քարտուղարն էր և պետք է գլխավորեր Հայաստանի Կոմկուսը:

Գալով Երևան` Միկոյանը խիստ նկատողություն արեց ողջ հայկական ղեկավարությանը: Իմաստն այն էր, որ Հայաստանի վրա Թուրքիայի հարձակման դեպքում երևանցիները հայտնվելու էին «պարկի մեջ», որովհետև քաղաքից ընդամենը մեկ ելքային ճանապարհ կար՝ հյուսիսից: Եվ այդ միակ ճանապարհով, որը տանում էր դեպի Քանաքեռ, անհնար կլիներ միաժամանակ տարհանել քաղաքի բնակչությանը և զորք մտցնել:

Այդ խորհրդակցության ժամանակ քաղաքի գլխավոր ճարտարապետի այն ժամանակվա տեղակալը՝ իմ պապը (ճարտարապետ Մարկ Գրիգորյան, խմբգր.), առաջարկում է անհապաղ կառուցել երկրորդ ճանապարհ: Միկոյանը խնդրում է Հարությունյանին կարգավորել հարցը, և ընդամենը մեկ շաբաթում մշակվում է Մյասնիկյանի պողոտայի շինարարության նախագիծը:

Դրան զուգահեռ ծագում է Բաղրամյան պողոտան կառուցելու գաղափարը, բայց դրա իրագործմանը խանգարում է Երկրորդ Հայրենական պատերազմը: 1941թ.-ին Երևանն ավարտվում էր այնտեղ, որտեղ հիմա գտնվում է Գրողների միությունը: Դրանից հետո ամառանոցային բնակավայր էր: 1947թ.-ին այնտեղ՝ քաղաքից դուրս, որոշեցին կառուցել Կենտկոմի շենքը: Երբ Հարությունյանն այդ մասին ասաց իմ պապին, վերջինս զարմացավ, թե ինչ իմաստ ունի երկրի ղեկավարության համար նախատեսված շենքը կառուցել քաղաքից դուրս: Բայց Հարությունյանը պնդեց, և Կենտկոմի շենքը կառուցվեց: Հարությունյանը հավանեց այդ շենքը և հանձնանարարեց Կենտկոմի դիմաց կառուցել Գիտությունների ակադեմիայի շենքը: Այն կառուցում է ճարտարապետ Սամվել Սաֆարյանը:

Բաղրամյանի պողոտան չի եղել թամանյանական գլխավոր հատակագծում, այն հայտնվել է 1937թ.-ի գլխավոր հատակագծերում: Կա լեգենդ, որ Կենտկոմի շենքի տեղում գերեզմանատուն է եղել, բայց իրականում այն եղել է ներկայիս Սիրահարների այգու հատվածում, և սկսվել Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու մոտից:

50-ականների կեսերին սկսվում է Կիևյան փողոցի, Կիևյան կամրջի կառուցումը, իսկ 50-ականների վերջում արդեն հասնում են Աջափնյակին: 60-ականների առաջին կեսին տաքսիստները հրաժարվում էին մարդկանց տանել Կիևյան փողոց, որովհետև հեռու էր:

Հատկանշական է, որ Թամանյանը Երևանը կառուցում էր այնպես, որ այնտեղից երևար Արարատ լեռը: Կան զանազան տարբերակներ, թե ինչու էր նա այդպես անում: Այն ժամանակ, երբ ճարտարապետը ստեղծում էր իր առաջին գլխավոր հատակագիծը, Արարատը դեռ գտնվում էր Հայաստանի տարածքում: Խորհրդային տարիներին Արարատն արդեն Հայաստանի կազմում չէր, բայց Թամանյանը որոշում է չփոխել իր հատակագիծը: Պատճառներից մեկը նաև այն էր, որ Արարատ լեռը հայոց աշխարհի խորհրդանիշն է:

Նովոստի–Արմենիա. եղե՞լ են ճարտարապետներ, ում տաղանդը «դուրս է եկել» Հայաստանի սահմաններից:

Մ. Գրիգորյան. ճարտարապետներ Միքայել Մազմանյանն ու Գևորգ Քոչարը, արտաքսման մեջ գտնվելիս, ճարտարապետ Վիտոլդ Նեպոկոյչիցկու հետ բառացիորեն կառուցում են Նորիլսկը՝ Երկիր մոլորակի ամենախոշոր անդրբևեռային քաղաքը:

Նովոստի–Արմենիա. Մազմանյանն ու Քոչարը հետագայում վերադարձե՞լ են Հայաստան:

Մ. Գրիգորյան.1995թ.-ին նրանք վերադարձել են են Երևան: Մազմանյանը զբաղվել է գլխավոր հատակագծով և քաղաքի զարգացմամբ: Նա մշակել է Երևանի նոր հայեցակարգը՝ «քաղաք-արևածաղիկ»: Գաղափարը հետևյալն էր. քաղաքի կենտրոնը, որն իրենից օղակ է ներկայացնում, արևածաղկի մեջտեղի հատվածն է, որին բոլոր կողմերից միացած են «ծաղկաթերթերը»՝ Նորքը, Հարավարևմտյան թաղամասը, Աջափնյակը, 3-րդ մասը և այդպես շարունակ: Այսպես Մազմանյանը դեպի Արարատը «նայող» քաղաքը վերածում է «արևածաղկի»՝ ստեղծելով Արարատից Սևան տանող կեսճանապարհին գտնվող քաղաք: Այդկերպ Երևանը դառնում է այդ երկու հայկական խորհրդանիշերը կապող մի ինքնատիպ օղակ:

Ереван  

Սա Երևանի մյուս առանձնահատկություններից մեկն է: Դրա մասին քչերը գիտեն, և շատ քչերն են խոսում: Բայց ես կարծում եմ, որ Երևանը մինչև հիմա զարգանում է որպես «քաղաք-արևածաղիկ»:

Եվս մեկ հետաքրքիր փաստ. Երևանի շատ թաղամասեր կոչվում են Արևմտյան Հայաստանի քաղաքների ու շրջանների անուններով` Մալաթիա, Սեբաստիա, Զեյթուն, Կիլիկիա, Արաբկիր: Սրանք փոքրիկ արբանյակային բնակավայրեր են, որոնք շրջապատում են Երևանը: Դրանք բոլորը կառուցվել են 20-ականներին` 1915թ.-ի Հայոց ցեղասպանությունից հետո գաղթած փախստականների համար: Աստիճանաբար դրանք ևս ներառվել են քաղաքի կազմի մեջ: Եվ երբ 1946թ.-ին հայրենադարձները սկսեցին վերադառնալ, նրանց բնակեցրեցին հենց այդ թաղամասերում:

Նովոստի–Արմենիա. կա՞ ոճային ինչ–որ տարր կամ նորարարական գաղափար, որոնք «կարմիր գծի» նման անցնում են այն ժամանակվա ողջ ճարտարապետության առանցքով և միավորում են ճարտարապետների ստեղծարար միտքը։

Մ. Գրիգորյան. գոյության տարբեր տարիներին Երևանը եղել է տարբեր գույների։
Մինչխորհրդային Երևանը կավաքարի գույն ուներ, դա կավե պատերի գույնն է։ Երևանը 20–30–ականներին քիչ հասկանալի էր, 30–40–ականներին այն դարձավ դեղնասպիտակավուն` Կենտկոմի շենքի, Մաշտոցի պողոտայի վրա գտնվող Արտիստների տան (խորհրդային տարիներին` Լենինի պողոտա, հիմա` Մաշտոցի պողոտա, խմբգր.) գույնի։ Հետո, երբ սկսեցին արտադրել Արթիկի տուֆը, Երևանը դարձավ վարդագույն։ Այն դարձավ վարդագույն ոչ թե գեղեցկության արդյունքում, այլ քանի որ տուֆն ամենաէժան շինարարական քարն է։ Հետո եկավ մոդեռն ճարտարապետության ժամանակաշրջանը, երբ Երևանը դարձավ մոխրագույն, դա բետոնի գույնն է։ Այսօրվ Երևանը գույն չունի։

Խորհրդային տարիներին համարվում էր, որ ճարտարապետությունը պետք է լինի ազգային` իր ձևով և սոցիալիստական` իր բովանդակությամբ։ «Ձևով ազգային» ճարտարապետությունը քիչ թե շատ հասկանալի է, իսկ թե ինչ է նշանակում «բովանդակությամբ սոցիալիստական», ոչ ոք չգիտի։ Շատ ճարտարապետներ դիմում էին տարատեսակ հնարքների` ճարտարապետության մեջ ազգային ձևը կյանքի կոչելու համար։ Այսպես, կառուցվում էր սյուն, իսկ նրա խոյակը զարդարվում էր, օրինակ, մուրճ ու մանգաղով կամ աստղերով։

монумент, победа, Ереван

Նման օրինակներից է «Մայր Հայաստան» հուշահամալիրի պատվանդանի շքամուտքը, որը հիասքանչ ձևավորում ունի։ Այն, մասնավորապես, ձևավորված է քարից պատրաստված 19 վարդյակների նուրբ նկարվածքով։ Ամենուր ծաղիկներ են, իսկ վարդյակների մեջտեղում` հինգ ծաղկաթերթիկներ` հնգաթև աստղի նման։

50–ականների վերջի, 60–ականների սկզբի Երևանում շատ են նրբագեղ հարթաքանդակները, վարդյակները, պատշգամբներով և պատուհաններով շենքերը, որոնց վրա արված են փորագրություններ։ Իմ կարծիքով, այդ հարթաքանդակներն ու վարդյակները հիմնականում ստեղծում են այն գրավիչ կերպարն ու Երևանի անզուգական գեղեցկությունը, որոնք մենք այսօր հաճույքով վայելում ենք։

Նովոստի–Արմենիա. Դուք հաստատ գիտեք հետաքրքիր փաստեր ժամանակակից Երևանի գլխավոր ճարտարապետական խորհրդանիշերի ստեղծման մասին, որոնք կառուցվել են այն տարիներին։

Մ. Գրիգորյան. երբ Թամանյանը մտածում էր Օպերան ստեղծելու մասին (կառուցվել է 1940թ.–ին, խմբգր.), նա ուզում էր ունենալ ափսեի նման կլոր բեմ, որի մեջտեղում պետք է պատ լիներ։ Այդ պատը մեխանիզմների միջոցով պետք է բարձրանար, և այդ ժամանակ երկու դահլիճները պետք է միավորվեին` մեկ մեծ, կլոր բեմով։ Այնտեղ, որտեղ հիմա Ֆիլհարմոնիայի դահլիճն է, պետք է լիներ բացօթյա դահլիճ։ Բեմն ավելի մեծացնելու նպատակով, օրինակ` մարզական հանդիպումների համար (չէ՞ որ երբ Թամանյանը նախագծում էր Օպերայի շենքը, չկային ֆուտբոլի ստանդարտ դաշտեր), Օպերայի թատրոնի պարտերը պետք է պտտվեր իր առանցքի շուրջ, աթոռները հայտնվեին ներքևում, և այդ մասը դառնար բեմի շարունակություն։

Դա է պատճառը, որ օպերայի դահլիճի տակ խորը նկուղներ կան։ Ներքևում երեք հարկի կա, ընդ որում` 8–10 մետր։ Հիմա այնտեղ պահեստներ են։ Իսկ Օպերայի շենքն ընդհանուր առմամբ ունի 15 հարկ։

Армянский академический театр оперы и балета им. А. Спендиарова

Հետաքրքիր է, որ մի քանի տասնամյակ շարունակ այդ շենքում եղել է սենյակ, որը համարվել է կորած։ Դա այնքան էլ սենյակ չէ, այլ 7–րդ հարկում գտնվող հսկայական դահլիճ։ Բեմի երկու կողմից կան մետաղական աստիճաններ, և դրանցով բարձրանալիս հայտնվում ես փակ դռան առջև։

Նովոստի–Արմենիա. այսինքն դահլիճ, որը միշտ փա՞կ էր։

Մ. Գրիգորյան. բեմի երկարության դահլիճ, բայց վերևում։ Որոշ ժամանակ` ավելի քան 10 տարի, ոչ ոք չէր մտել այնտեղ։ Հիմա բեմի նկարիչներն այնտեղ պատրաստում են բեմի վարագույրներն ու դեկորացիաները։

Ուզում եմ պատմել նաև Մատենադարանի մասին (ճարտարապետ` Մարկ Գրիգորյան, 1959թ., խմբգր.)։ Մատենադարանի առանձնահատկությունն այն է, որ այդ շենքն ամբողջությամբ կառուցվել է որպես ձեռագրերի միջնադարյան պահոց։ Այն միայն արտաքինից չէ, որ հայկական տեսք ունի։ Մատենադարանի բոլոր սրահները մշակվել են միջնադարյան գրապահոցների ոճով։ Ընդ որում, գրապահոցն ամբողջությամբ մեկուսացված է մնացած շենքից, այն ինքնատիպ բունկեր է։ Իմաստն այն է, որ եթե անգամ շենքը փլուզվի, գրապահոցը կպահպանվի։

Նովոստի–Արմենիա. ինչպե՞ս է զարգացել Երևանի ճարտարապետությունը խորհրդային ուշ ժամանակաշրջանում։

Մ. Գրիգորյան. 1955թ.–ին իշխանության եկած Խրուշչովը հրապարակում է «Ճարտարապետության և շինարարության մեջ ավելորդությունների ոչնչացման մասին» Կոմկուսի Կենտկոմի և ԽՍՀՄ Նախարարների խորհրդի համատեղ որոշումը։ Գաղափարն այն էր, որ պատերազմից հետո երկրում պետք է կառուցվեին մեծ թվով էժան բնակարաններ, քանի որ դրանց թիվը չափազանց քիչ էր, իսկ պատերազմի հետևանքով ոչնչացված բնակարանների փոխարեն նորերի կառուցման տեմպերը բավարար չէին։

Այս որոշումը տակնուվրա արեց ողջ խորհրդային ճարտարապետությունը, և առաջին հերթին` Երևանի ճարտարապետությունը։ Ճարտարապետները, կարծես առաջին անգամ, բացահայտեցին բետոնը։ Պարզվեց` այն հիանալի շինանյութ է, որն իր ճկունությամբ և պլաստիկությամբ կարելի էր համեմատել պլաստիլինի հետ։ Եթե պլաստիլինից կարելի է ստանալ ցանկացած ձև, ապա նման բան կարելի է անել նաև բետոնից, բայց այն կլինի ամուր և երկարակյաց։

1961թ.–ին Խրուշչովը գալիս է Հայաստան։ Նրա այցի կապակցությամբ պատրաստում են ինստալյացիա` սավառնող ճայի բետոնե քանդակ Երևան–Սևան ճանապարհին։ Ճայը որոշում են ցույց տալ Խրուշչովին, և չնայած նա չի հավանում այդ քանդակը, բայց դրա օգնությամբ բացահայտվում է ճարտարապետության ամբողջովին նոր մի ոճ, որը բնորոշվում է բետոնի անհավանական պլաստիկությամբ և տարատեսակ ձևեր ընդունելու ճկունությամբ։

кинотеатр Россия

Ճայից հետո կառուցվում են Օղակաձև այգու տարբեր հատվածները` «Առագաստը»` թեթև ու նրբագեղ սրճարան` ոճային կայմով, մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը, Կամերային երաժշտության տունը, «Կռունկ» ռեստորանը, որտեղ հիմա գործում է «Թեքեյան» կենտրոնը, Շախմատի տունը։ Օղակաձև այգու բոլոր հատվածները հանկարծ դառնում են ինքնատիպ ու յուրօրինակ, այնտեղ հայտնվում են ժամանակակից, համարձակ մտահղացումներով, թեթև բետոնե կոնստրուկցիաներ։ Եվ այս ամենն ավարտվում է «Ռոսիա» կինոթատրոնով, որն այն ժամանակ ևս շատ ինքնատիպ շինություն էր։

Կառուցվում են «Հրազդան» մարզադաշտը, Մարզահամերգային համալիրը։ Սրանք բացարձակապես նորարարական շինություններ են, որոնք կառուցվել են` նոր տեխնոլոգիաների և կոնստրուկցիաների կիրառմամբ։ Եվ հենց այս շինությունների շնորհիվ էլ Երևանը դառնում է իսկական մայրաքաղաք։ Այս գործընթացը տևել է մինչև Խորհրդային Միության ավարտը։–0–



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
26 Մարտի 2024
Պահքի ընթացքում հնարավոր է կտրուկ քաշ հավաքել. սննդագետը՝ կենդանական ծագման սննդից հրաժարվելու ազդեցության մասին (ՎԻԴԵՈ)
Ինչպե՞ս է օրգանիզմը արձագանքում պահքին, պահեցողությունը սթրե՞ս է, թե՞ առողջարար օրգանիզմի համար, արդյո՞ք պահեցողությունը հյուծում է օրգանիզմը. ՎԻԴԵՈ
19:37
25 Մարտի 2024
Ամուսնության համար սխալ օրը կարող է ճակատագրական լինել․ աստղաբան Աննէ Հախվերդյան (ՎԻԴԵՈ)
Որո՞նք են սիրառատ ամիսներն՝ ըստ աստղակերպի նշանների․ պարզաբանում է աստղաբան, էզոթերիկ Աննէ Հախվերդյանը․ ՎԻԴԵՈ
19:37
15 Մարտի 2024
10 քայլ դեպի առողջ քուն․ բժիշկ-հոգեթերապևտի խորհուրդներն անքնությունից ազատվելու համար (ՎԻԴԵՈ)
Բժիշկ- հոգեթերապևտ Սոնա Հայրապետյանի հետ զրուցել ենք անքնության պատճառների, քնին նպաստող գործոնների մասին, որոնք կօգնեն ազատվել անքնությունից. ՎԻԴԵՈ
19:37
14 Մարտի 2024
Ես գժվում եմ էս երկրի համար․ 33 հարց՝ Գարիկ Սեփխանյանին (ՎԻԴԵՈ)
«33 հարց» հաղորդաշարի շրջանակում Գարիկ Սեփխանյանը պատասխանում է կարճ հարցերի, որոնք կհետաքրքրեն նրա երկրպագուներին և ոչ միայն. ՎԻԴԵՈ
19:37
13 Մարտի 2024
Ինչպե՞ս է բուժվում անպտղությունը. գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգը պարզաբանում է զույգերին հուզող հարցերը (ՎԻԴԵՈ)
Ե՞րբ դիմել բժշկի, հնարավո՞ր է արդյոք հղիանալ մեկ սաղմիկով, իսկ առանց արգանդի կինը կարո՞ղ է երեխա ունենալ, ո՞րն է միֆը, և ո՞րը՝ իրականություն, , այս հարցերը և ոչ միայն պարզաբանում է Պտղաբերության կենտրոնի գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Հռիփսիմե Գրիգորյանը. ՎԻԴԵՈ
19:37
12 Մարտի 2024
Ինչպե՞ս ազատվել ակնեից․ կոսմետոլոգ Աննա Մկրտչյանը պարզում է իրականությունը (ՎԻԴԵՈ)
Ի՞նչ է ակնեն, ինչպե՞ս է ախտորոշվում և բուժվում, որո՞նք են տարածված միֆերը, որոնք խանգարում են մեկընդմիշտ ազատվել կորյակներից․ ՎԻԴԵՈ
15:43
11 Մարտի 2024
Ինչպե՞ս պաշտպանվել վարակիչ հիվանդություններից. «Արաբկիր» ԲԿ–ի բժիշկ, իմունոլոգը պարզաբանում է (ՎԻԴԵՈ)
Տարբերեք իրականությունը՝ իմունիտետը մարզելու, ջերմիջեցնող դեղերի, բժշկին դիմելու ազդանշանների մասին․ ՎԻԴԵՈ
19:37
20 Փետրվարի 2024
Ի՞նչ անել, եթե չեք կարողանում քնել․ փորձագետն օգտակար խորհուրդներ է տալիս (ՎԻԴԵՈ)
Առողջ ապրելակերպի մասնագետ Անուշ Մուրադյանն անդրադարձել է անքնության հետ կապված խնդիրներին և տվել օգտակար խորհուրդներ
11:25
15 Փետրվարի 2024
Ո՞ր սննդանյութերն են էներգիա հաղորդում. սննդագետը պարզաբանում է (ՎԻԴԵՈ)
Սննդային միֆեր․ սննդագետը պարզաբանում է․ թե որ սննդանյութերն են իսկապես էներգիա հաղորդում․ ՎԻԴԵՈ
17:54
10 Փետրվարի 2024
Ինչպե՞ս մեկընդմիշտ ազատվել ավելորդ կգ-ներից. բժիշկ-դիետոլոգը պարզաբանում է (ՎԻԴԵՈ)
Բժիշկ–դիետոլոգը պարզաբանում է՝ ինչպե՞ս մեկընդմիշտ ազատվել ավելորդ կգ-ներից և այնպես անել, որ կորցրած կգ–ները չվերադառնան․ ՎԻԴԵՈ
12:45
29 Հունվարի 2024
7 պարզ կանոն նիհարել ցանկացողների համար․ 43կգ–ով նիհարած սննդաբանը խորհուրդներ է տալիս (ՎԻԴԵՈ)
43կգ–ով նիհարած սննդաբանը ներկայացնում է 7 պարզ կանոն նիհարել ցանկացողների համար․ ՎԻԴԵՈ
13:09
17 Հունվարի 2024
Ինչու՞ հայկական ռեստորանները «Միշլենյան» աստղեր չունեն. Հայաստանի խոհարարների ասոցիացիայի նախագահը պարզաբանում է (ՎԻԴԵՈ)
Հայաստանի խոհարարների ասոցիացիայի համահիմնադիր–նախագահ Արբի Ղարախանին անդրադարձել է «Միշլենյան» աստղերին ու դրանց տրամադրման գաղտնիքին․ ՎԻԴԵՈ