Ողբերգական դեպք՝ Չարենցավանում․ Hyundai–ի վարորդին մահացած են գտել, այսօր պետք է տեղի ունենար նրա որդու հարսանիքը
11.09.2025,
18:36
Չարենցավանում Hyundai–ի 51–ամյա վարորդին մահացած են գտել, այսօր պետք է տեղի ունենար նրա որդու հարսանիքը
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 10:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Չարենցավանի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Չարենցավան քաղաքի Չարենցի փողոցում «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում վարորդն է, ով չի արձագանքում հեռախոսազանգերին։Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է. «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի ղեկին հայտնաբերվել է Կոտայքի մարզի բնակիչ 51-ամյա Ահարոն Ծ.-ի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Կայքի տեղեկություններով՝ այսօր պետք է տեղի ունենար մահացածի որդու հարսանեկան արարողությունը։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

