Երևանում պարեկները նկատել են կասկածելի վարքագծով վարորդի ու հայտնաբերել ատրճանակներ, փամփուշտներ, թմրանյութ (ՎԻԴԵՈ)

24.01.2023, 15:44
Երևանի պարեկներն նկատել էին «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենա վարող մի տղամարդու, որի վարքագիծը կասկածելի էր թվացել. ՎԻԴԵՈ
Երևանում պարեկները նկատել են կասկածելի վարքագծով վարորդի ու հայտնաբերել ատրճանակներ, փամփուշտներ, թմրանյութ (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Տարեսկզբին Երևանի պարեկներն Արմենակյան փողոցում նկատել էին «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենա վարող մի տղամարդու, որի վարքագիծը կասկածելի էր թվացել, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:

 Կանգնեցրել էին մեքենան: Մեքենայի բեռնախցում դանակ ու տարբեր տեսակի ատրճանակներ կային: Պարեկները 31-ամյա տղամարդուն ձերբակալեցին ու տեղափոխեցին ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունք: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեցին բյուրեղանման զանգվածով պոլիէթիլենային երեք փաթեթ, գազային ատրճանակի 22 փամփուշտ և սպիտակ փոշենման հետքերով պոլիէթիլենային փաթեթ:

Դեպքի առթիվ նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում, դատարանի որոշմամբ, Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզներն ու Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ծառայողները խուզարկեցին ձերբակալվածի տունը՝ հայտնաբերելով փամփուշտներ: Իրավապահները խուզարկեցին նաև նրա ավտոմեքենան՝ հայտնաբերելով 8 փաթեթ մեթամֆետամին և մարիխուանա։

Բջջային հեռախոսի թվային խուզարկությամբ էլ Կենտրոն վարչական շրջանի տարբեր վայրերում հայտնաբերվեց մեթամֆետամինի նմանվող զանգվածով 10 փաթեթ:

Միջոցառումները շարունակվեցին։ Հունվարի 16-ին Մարաշի քրեական հետախույզներն ու տարածքային քննչական բաժնի ծառայողները Ամիրյան 15 շենքի հարևանությամբ կատարած զննությամբ հայտնաբերեցին տարբեր տեսակի թմրանյութերով լցված 7 փաթեթ՝ ընդհանուր 90 գրամից ավելի քաշով:

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–