16–ամյա թոռան մոտ թմրանյութ էր հայտնաբերվել. պարզվեց, որ 64–ամյա պապն է խնդրել փաթեթը փոխանցել իրեն (ՎԻԴԵՈ)
13:54
10 Մայիսի 2023
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Մասիսի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Այնթապ գյուղի բնակիչ, 64-ամյա մի տղամարդ ապօրինի պահում և օգտագործում է թմրանյութ, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:
Տվյալն իրացնելիս մայիսի 5-ի երեկոյան ստացվեց նոր տեղեկություն, որ թմրանյութ կա նաև նրա 16-ամյա թոռան մոտ: Թոռը հայտնաբերվեց Այթապ գյուղի նոր գերեզմանատան մոտ: Նրա պայուսակում կար մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ, որը պետք է հասցներ պապին: Գերեզմանատան մոտակայքում հայտնաբերվեց նաև պապը: Նա ձերբակալվեց, տեղափոխվեց ոստիկանության Մասիսի բաժին և խոստովանեց, որ թոռան մոտ հայտնաբերված մարիխուանան իրենն է, ինքն է խնդրել փաթեթը փոխանցել իրեն: Ըստ նրա` թմրամիջոցի հումք կանեփն էլ քաղել էր վայրաճ թփերից` իր օգտագործման համար:
Փաստի առթիվ Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:–0–