14–ամյա Հայկի որոնողական աշխատանքներն ընթանում են ուժեղացված ռեժիմով. մասնակցում է 207 փրկարար, հատուկ վարժեցված շներ

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի./Նովոստի–Արմենիա/. 14–ամյա Հայկ Հարությունյանի որոնողական աշխատանքներն ընթանում են ուժեղացված ռեժիմով։
Նշենք, որ տղան աուտիզմ ունի։
Հայկը հունիսի 8-ին ժամը 17։00-ի սահմաններում դուրս է եկել Արարատի մարզի Այնթապ գյուղում գտնվող տանից և չի վերադարձել։
Հունիսի 14-ին ժամը 00:56-ի դրությամբ ՀՀ ԱԻ նախարարի հրամանով հայտարարվել է, որ որոնողական աշխատանքները շարունակվելու են ուժեղացված ռեժիմով:
Որոնողական աշխատանքներին մասնակցում են ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Արագածոտնի ՀՀ ԱԻՆ ՓԾ Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը, 207 փրկարար (12 միավոր տեխնիկա), ոստիկանության 6 աշխատակից, 2 կինոլոգ` շներով և 52 կամավոր:
Որոնողական աշխատանքներն իրականացվում են 8 ուղղություններով. հետախուզվում են դաշտային տարածքները, ջրանցքի մոտակայքը, գյուղի անասնագոմերը, փողոցները, գերեզմանատունը և այգիները:
Դեպքի վայրում է գտնվել ՀՀ ԱԻ նախարար Հ. Ռոստոմյանը:
Այս միջադեպը մեծ արձագանք է ստացել սոցցանցերում։ Օգտատերերը ստեղծել են բազմաթիվ կամավորական խմբեր և միացել են որոնողական աշխատանքներին։ Կորած Հայկի եղբայրը` Գոռը, տեղեկացրել է, որ Հայկը, ով աուտիկ է, իռացիոնալ պահվածք ունի, սովորական մարդու պես չի արձագանքում այս կամ այն իրավիճակին։ Նշվում է նաև, որ Հայկը տանից հեռացել է ոտաբոբիկ։–0–