Ադրբեջանացի լրագրող Թագին մահացել է մահափորձի հետևանքով ստացած վերքերից

23.11.2011, 18:41
Ադրբեջանացի լրագրող Թագին մահացել է մահափորձի հետևանքով ստացած վերքերից

Ադրբեջանացի գրող-հրապարակախոս Ռաֆիգ Թագին, ով օրերս մահափորձի հետևանքով դանակի վնասվածքներ էր ստացել, չորեքշաբթի մահացել է բժշկական կենտրոնում, ՌԻԱ Նովոստիին է հայտնել բուժհաստատության աշխատակիցը:

Անծանոթը հարձակվել է Թագիի վրա նոյեմբերի 19-ին Բաքվում՝ նրան դանակի բազմաթիվ հարվածներ հասցնելով: Հրապարակախոսը տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ մի քանի վիրահատության էր ենթարկվել: Թագիի առողջական վիճակը մնում էր կայուն ծանր, նրան միացրել էին արհեստական շնչառության սարքին:
«Ռաֆիգ Թագիի մոտ շնչահեղձության անսպասելի նոպաներ սկսվեցին, և նա մահացավ ասֆիքսիայից»,- հայտնել է գործակալության զրուցակիցը: Ըստ նրա, կկատարվի մահացածի մարմնի ախտաբանական-անատոմիական հետազոտություն՝ մահվան պատճառները պարզելու համար:

Լրագրողի վրա հարձակման փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ Ադրբեջանի ՔՕ 126-րդ հոդվածի առաջին մասով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելը), որը նախատեսում է երեքից յոթ տարի ազատազրկում:

Բաքվի Մեդիայի իրավունքների ինստիտուտի հաղորդագրության համաձայն, Թագին իր վրա գործած հարձակումը կապում էր իր հրապարակումների, հատկապես, վերջերս հրապարակված «Իրան և գլոբալիզացում» հոդվածի հետ: -0-