Իսպանիայի թագավոր Խուան Կարլոս առաջինը երեքշաբթի Սուդանի, Բելգիայի, Մալայզիայի, Հնդկաստանի և Կիպրոսի դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողությանը հայտնվել է աչքի տակ կապտուկով և կոտրած քթով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իսպանական ԶԼՄ-ներին:
Չսպասելով լրագրողների հարցերին՝ 73-ամյա միապետը միանգամից բացատրել է. «Ահա թե ինչ է լինում, երբ բախվում ես դռանը»:
Արքայական տան պաշտոնական ներկայացուցիչն այնուհետև պատմել է լրագրողներին, որ միջադեպը տեղի է ունեցել, երբ թագավորը փորձել է ինքնուրույն բացել պալատի դահլիճներից մեկի դուռը:
Նույն պահին հակառակ կողմից դուռը բացելիս է եղել թագավորական գվարդիականը, ինչի հետևանքով հարվածել է միապետին:
Արքունական բժիշկն անհապաղ բուժօգնություն է ցուցաբերել թագավորին և ասել է, որ նա կարող է մասնակցել նախապես ծրագրած միջոցառումներին: Սա առաջին դեպքը չէ, որ տեղի է ունեցել թագավոր Խուան Կարլոս Առաջինի հետ: 1981 թվականին միապետը մարզումներից հետո վազքով ուղղվել էր դեպի լողավազան և բախվել ապակե դռանը, որը հարվածից կոտրվել էր: Թագավորը բազմաթիվ կոտրվածքներ և ձեռքի վնասվածք էր ստացել: -0-