Իրանն անգամ մեկ քայլ հետ չի կանգնի իր միջուկային ծրագրից. Ահմադինեժադ

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը չորեքշաբթի հայտարարել է, որ իր երկիրը մտադիր չէ դադարեցնել իր միջուկային ծրագրին ուղղված աշխատանքը նույնիսկ Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) զեկույցի հրապարակումից հետո, որտեղ նշվում է, թե ԻԻՀ-ն վաղուց է զբաղվում միջուկային զենքի մշակմամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով «Ռոյթեր» գործակալությանը:
«Իմացեք, որ այս երկիրն անգամ մեկ քայլ հետ չի կանգնի իր ուղուց», - մեջբերում է գործակալությունը Ահմադինեժադի խոսքերը, ով ելույթ է ունեցել հազարավոր մարդկանց առջև Թեհրանի կենտրոնական հրապարակում: Նրա ելույթը հեռարձակվել է հեռուստատեսությամբ:
Իրանի նախագահը նաև նշել է, որ զեկույցի հրապարակումը վնասում է ՄԱԳԱՏԷ-ի հեղինակությանը:
«Ինչու՞ եք վնասում գործակալության հեղինակությանը Ամերիկայի անհիմն հայտարարությունների պատճառով», - ասել է Ահմադինեժադը:
Ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ում Իրանի ներկայացուցիչ Ալի Աշգար Սոլթանին նշել էր, որ այդ փաստաթղթի մի շարք հատվածների հրապարակումը միայն վնասեց միջազգային կազմակերպության հեղինակությանը:
Իրանի միջուկային ծրագրի մասին զեկույցում, որի հատվածները երեքշաբթի հրապարակել են արևմտյան գործակալությունները, ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ Իրանը մինչև 2003 թ.-ը միջուկային զենքի ստեղծմանն ուղղված աշխատանքներ է տարել, նման գործունեություն կարող է իրականացվել նաև այսօր:
ՄԱԳԱՏԷ-ն պնդում է, թե Իսլամական Հանրապետությունը միջուկային զենքի մշակմանն ուղղված աշխատանքներ է տարել, իրականացրել է այլ հետազոտություններ և փորձնական ծրագրեր այդ ոլորտում, նշում է «Ռոյթեր» գործակալությունը:
Զեկույցը, որի պատճենները ստացել են ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարների խորհրդի, ինչպես նաև ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամները, բաղկացած է ավելի քան 1000 էջից, որտեղ ներկայացված է տասը երկրների հետախուզական և այլ տեղեկատվություն, ինչպես նաև ՄԱԳԱՏԷ-ի սեփական տեղեկատվությունը, նշում է «Ասոշիեյթիդ Փրեսը»: Գործակալությունը չի նշում այդ պետություններին:
Աշխատանքներ տանելով միջուկային զենքի ստեղծման ուղղությամբ՝ Իրանն աջակցություն է ստացել «գաղտնի միջուկային ցանցից», նշում է «Ֆրանս Փրեսը»:
ՌԴ ԱԳՆ-ն իր կողմից հայտարարել է, որ դեռևս չի ստացել զեկույցի ամբողջական տեքստը:-0-