Հունաստանի վարչապետի թեկնածուների թվին է ավելացել Եվրոպական դատարանի նախագահ Սկուրիսը

09.11.2011, 12:54
Հունաստանի վարչապետի թեկնածուների թվին է ավելացել Եվրոպական դատարանի նախագահ Սկուրիսը

Իրավաբան Վասիլիոս Սկուրիսը, ով նաև Եվրոպական դատարանի նախագահն է, կարող է զբաղեցնել վարչապետի «աթոռը» Հունաստանի կոալիցիոն կառավարությունում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով հունական ԶԼՄ-ներին:

«ՊԱՍՕԿ» իշխող ձախակողմյան-կենտրոնամետ շարժումն ու «Նոր Ժողովրդավարություն» ընդդիմադիր աջակողմյան-կենտրոնամետ կուսակցությունը բանակցություններ են վարում կոալիցիոն կառավարության շուրջ, որը պետք է մինչև փետրվար հավանության արժանացնի ԵՄ-ի հետ վարկային համաձայնագիրն այն սպառնալիքի տակ, որ Հունաստանին կարող են հանել եվրագոտուց պայմանավորվածությունները խախտելու համար:

Եվրամիությունը նախորդ շաբաթվանից պնդում է կոալիցիայի ձևավորման հարցում, երբ հանրաքվե անցկացնելու մասին պաշտոնից հեռացող Յորգոս Պապանդրեուի նախաձեռնությունը ցնցեց Հունաստանի և Եվրոպայի քաղաքական գործիչներին և բացասաբար ազդեց համաշխարհային շուկաների վրա: Պապանդրեուն համաձայնեց հրաժարական տալ՝ կոալիցիայի համար ճանապարհ հարթելու նպատակով:

Ինչպես հաղորդվում է, կուսակցությունները վարչապետի պաշտոնի թեկնածու են փնտրում, որը հայտնի է ԵՄ-ում և ներգրավված չէ հունական ներքին քաղաքականության մեջ: Վարչապետի պաշտոնի պոտենցիալ թեկնածուների շրջանում երկար ժամանակ առաջատարի դիրքում էր ԵԿԲ-ի նախկին փոխնախագահ Լուկաս Պապադիմոսը, ինչպես նաև Եվրոպայի մարդու իրավունքների պաշտպան Նիկիֆորոս Դիամանդուրասը, շրջակա միջավայրի հարցերի նախկին եվրոհանձնակատար Ստավրոս Դիմասը, Հունաստանի խորհրդանի նախկին և գործող խոսնակներ Ապոստոլոս Կակլամանիսն ու Ֆիլիպոս Պեցալնիկոսը:

Ակնկալվում է, որ մինչև Երևանի ժամանակով ժամը 14:00-ն գործող վարչապետ Պապանդրեուն նախագահ Կառոլոս Պապուլյասին կներկայացնի հրաժարականի դիմումը, ինչից հետո կհայտարարվի նոր կառավարության կազմը:-0-