Հռոմի Պապը Բեռլինում հանդես է եկել Բունդեսթագում և պատարագ է մատուցել մարզադաշտում

23.09.2011, 11:26
Հռոմի Պապը Բեռլինում հանդես է եկել Բունդեսթագում և պատարագ է մատուցել մարզադաշտում
Հռոմի Պապը Բեռլինում հանդես է եկել Բունդեսթագում և պատարագ է մատուցել մարզադաշտում

Հռոմի Բենեդիկտոս 16-րդ Պապը Գերմանիայում գտնվելու առաջին օրը` հինգշաբթի, ողջույնի խոսքով հանդես է եկել նախագահական նստավայրում` Բեռլինի Բելևյու ամրոցում, հանդիպել է կանցլերի և հրեական համայնքի առաջնորդների հետ, ելույթ է ունեցել Բունդեսթագում և պատարագ է մատուցել Բեռլինի Օլիմպիական մարզադաշտում, հաղորդել է Վատիկանի ռադիոն, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:

ԳՖՀ նախագահ Կրիստիան Վուլֆի ողջույնի խոսքից հետո Բենեդիկտոս 16-րդը շնորհակալություն է հայտնել պաշտոնական հրավերի համար և երախտագիտություն է արտահայտել դաշնային իշխանություններին, իրեն դիմավորած Բունդեսթագի և Բունդեսրատի ներկայացուցիչներին, ինչպես նաև Բեռլինի վարչակազմին:

«Չնայած այցի պաշտոնական բնույթին, որը կամրապնդի բարի հարաբերությունները Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության և Սրբագույն Աթոռի միջև, առաջին հերթին ես այստեղ եմ ժամանել ոչ թե հանուն ինչ-որ քաղաքական կամ տնտեսական նպատակների, ինչպես անում են այլ պաշտոնատար անձինք, այլ մարդկանց հետ հանդիպելու և նրանց հետ Աստծո մասին խոսելու համար»,- նշել է պոնտիֆիկոսը:

Ընդգծելով, որ «ժամանակակից մշակույթն աչքի է ընկնում հասարակության աճող անտարբերությամբ կրոնի նկատմամբ և ճշմարտության հարցին մոտենում է, ավելի շուտ, որպես խոչընդոտի` առաջնահերթություն տալով ուտիլիտարիստական խոհերին», Բենեդիկտոս Պապը հայտարարել է. «Ինչպես կրոնն ազատության կարիք ունի, այնպես էլ ազատությունը` կրոնի»:

Այնուհետև պոնտիֆիկոսը խոսել է այն մասին, որ հասարակությունում չի լինում ազատություն առանց համերաշխության: «Այն, ինչ ես անում եմ ի վնաս ուրիշների, ազատություն չէ, այլ արարք, որը վնասում նաև ինձ»,- ասել է Հռոմի Պապը:

Այցի առաջին օրը պոնտիֆիկոսը 20-րոպեանոց հանդիպում է ունեցել ԳՖՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ, Հռոմի Պապերի պատմության մեջ առաջին անգամ որպես Կաթոլիկ եկեղեցու և Վատիկան պետության առաջնորդ` Բենեդիկտոս 16-րդը հանդես է եկել Ռայխստագում Բունդեսթագի նիստում, հանդիպել է Բեռլինի հրեական համայնքի առաջնորդների հետ և պատարագ է մատուցել Օլիմպիական մարզադաշտում, որին մասնակցել է մոտ 70 հազար կաթոլիկ:

«Գերմանացի Պապը Գերմանիայի մայրաքաղաքում հազարամյակի իրադարձություն է, որին Կաթոլիկ եկեղեցին վաղուց էր սպասում»,- ասել է Բեռլինի արքեպիսկոպոս Ռայներ Մարիա Վոելկին` ողջունելով պոնտիֆիկոսին մարզադաշտում: -0-