Շուրջ 9 մլն աֆղանցի կարող է քաղցած մնալ այս ձմեռ. ՄԱԿ

10.08.2011, 17:29
Շուրջ 9 մլն աֆղանցի կարող է քաղցած մնալ այս ձմեռ. ՄԱԿ

Արդեն այս ձմեռ շուրջ ինը միլիոն աֆղանցի կարող է քաղցած մնալ Աֆղանստանի հյուսիսային և կենտրոնական գավառներում երաշտի պատճառով առաջացած ցորենի վատ բերքի պատճառով, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հայտնել է ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի քաբուլյան գրասենյակի մամուլի քարտուղար Ասադուլա Ազհարին:
 
Նորմալ եղանակային պայմաններում Աֆղանստանը տարեկան 4,5 մլն տոննա ցորեն է արտադրում, ևս մեկ միլիոն տոննա գնվում է արտերկրի առևտրական կազմակերպությունների կողմից կամ մատակարարվում է  միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից: Այս տարի բերքը կարող է կրճատվել 1,9 մլն տոննայով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Աֆղանստանում երաշտ եղավ այն ժամանակ, երբ ՄԱԿ-ի ՊՀԾ-ն հայտարարեց Աֆղանստանին օգնությունը գրեթե կիսով չափ կրճատելու մասին՝ պատճառաբանելով, որ դոնոր երկրներն այլևս չեն ցանկանում ներդրումներ կատարել այդ կազմակերպություն: ՄԱԿ-ի ՊՀԾ-ն ծրագրում էր տարեսկզբին պարենով օգնել Աֆղանստանի յոթ միլիոն բնակիչներին, սակայն արդյունքում միջոցների սակավությունը թույլ կտա կերակրել այդ երկրի չորս միլիոնից պակաս աղքատ քաղաքացիներին:

Աֆղանստանի պարենային պաշարները որոշ չափով կարող են փոխհատուցել այս տարվա ցորենի բերքատվության սակավությունը, սակայն ինչ-որ մեկը պետք է միջոցներ հայթայթի 1,5-2 մլն  քաղցած աֆղանցներին կերակրելու համար: -0-