Ուկրաինան ռեկորդային թվով ԱԹՍ–ներ է արձակել Մոսկվայի ուղղությամբ․ կան տուժածներ և զոհ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Ուկրաինան ռեկորդային թվով անօդաչու թռչող սարքեր է արձակել Մոսկվայի ուղղությամբ այսօր Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջ: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
«Սա, թերևս, ամենախոշոր հարձակումն է Ռուսաստանի մայրաքաղաքի վրա ողջ եռամյա հակամարտության ընթացքում»,- գրում է գործակալությունը։
«Հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունները պատրաստվում են հանդիպել Սաուդյան Արաբիայում՝ քննարկելու հնարավոր խաղաղ կարգավորման հարցը», - նշում է Bloomberg-ը։
Հրատարակությունը հիշեցնում է, որ հանդիպումից առաջ Զելենսկին առաջարկել է դադարեցնել ավիահարվածներն ու ռազմածովային գործողությունները՝ որպես հրադադարի առաջին քայլ (առանց ցամաքի վրա մարտերը դադարեցնելու)։
Ուկրաինան մտադիր է այսօր առաջարկել մասնակի հրադադարի պլան և կարգավորել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ Սպիտակ տանը ծագած վեճից հետո:
Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով, այսօր Ռուսաստանի տարածքում 337 անօդաչու թռչող սարք են որսացել։
Ռազմական գերատեսչության տվյալներով՝ Մոսկվայի մարզի տարածքում ոչնչացվել է 91 անօդաչու թռչող սարք, Կուրսկի շրջանում՝ 126, Բրյանսկի շրջանի՝ 38 անօդաչու թռչող սարք, Բելգորոդում՝ 25 սարք, Ռյազանում՝ 22։ Մի քանի անօդաչու թռչող սարք է խոցվել Կալուգայի, Լիպեցկի, Օրյոլի, Վորոնեժի և Նիժնի Նովգորոդի շրջաններում։
Մերձմոսկվայում ԱԹՍ–ների հարձակման հետևանքով տուժել է 20 մարդ, կա մեկ զոհ։ Baza Telegram ալիքի տվյալներով, տուժածների շրջանում կա երեք երեխա։
Մոսկվայի մարզի նահանգապետ Վորոբյովը հայտնում է, որ այս պահին զոհերի առավելագույն թիվը և ամենամեծ վնասը գրանցվել է Մերձմոսկվայում։
Լենինսկի շրջանում անօդաչու թռչող սարքի բեկորներից տուժել է վեց մարդ, այդ թվում՝ 4-ամյա երեխա։ Նրանք մակերեսային վերքեր են ստացել, կյանքին վտանգ չի սպառնում։
Դոմոդեդովոյում 38-ամյա մի տղամարդ՝ անվտանգության աշխատակից, մահացել է «Միրոտորգ» ավտոկայանատեղիում։ Եվս երկու մարդ վիրավորվել է՝ 50-ամյա տղամարդը այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ գլխի բաց վնասվածքով, իսկ 44-ամյա տղամարդը գլխի վնասվածքներով հոսպիտալացվել է Դոմոդեդովոյի հիվանդանոց։ Անօդաչու թռչող սարքի բեկորների անկումից ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել. այրվել է ավելի քան 20 ավտոմեքենա։