Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն կալանավորվել է, Թուրքիայում բողոքի ալիքը հզորանում է

24.03.2025, 12:32
Թուրքիայում գրանցվում է վերջին տասնամյակների ամենամեծ բողոքի ալիքը
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն կալանավորվել է, Թուրքիայում բողոքի ալիքը հզորանում է

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Թուրքիայի դատարանը կոռուպցիայի մեղադրանքով կալանավորել է Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին։ Նրան նաև վերցրել են դատական հսկողության տակ ահաբեկչության գործով։

Դրանից հետո Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ կալանավորված քաղաքական գործչի քաղաքապետի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են՝ համաձայն երկրի սահմանադրության։ Նույն հրամանագրով պաշտոններից հեռացվել են Ստամբուլի Բեյլիքդյուզյու և Շիշլի շրջանների ղեկավարները, գրում է Euronews–ը։

Կիրակի ավելի վաղ կոռուպցիայի և ահաբեկչության մեղադրանքով կալանավորվել է նաև քաղաքապետի խորհրդական Մուրատ Օնգունը և մի քանի ընկերությունների տնօրեններ։

Դատավճռից անմիջապես հետո Հանրապետական ​​ժողովրդական կուսակցությունը Թվիթերում հետևյալ հաղորդագրությունն է տարածել. «Ո՛չ հուսահատությանը, պայքարը շարունակվում է»։

Իմամօղլուի կուսակից, Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշն ասել է. «Իմամօղլուին հեռացնելու փորձը խայտառակություն է մեր երկրի համար։ Միջազգային լրատվամիջոցներն ուշադրություն են դարձրել դրան, և Թուրքիայի ժողովրդավարությունն ու դատական ​​համակարգը այժմ գտնվում են մանրազնին ուշադրության տակ»։

Ավելի ուշ ինքը՝ Իմամօղլուն X սոցցանցում իր կողմնակիցներին կոչ է արել չհանձնվել. «Իրականացվող դատական գործընթացը դատավարություն չէ, դա կատարյալ արտադատական ​​մահապատիժ է: Ես կոչ եմ անում մեր ազգին պայքարել իրենց իրավունքների համար: Այս պայքարը մեր ազգի և մեր երեխաների ապագայի խնդիրն է: Սա այն օրն է, երբ պետք է պատասխանատվություն վերցնել և միանալ իրավունքների համար պայքարին բոլոր նրանց դեմ, ովքեր գողացել են ազգի կամքը»:

Բողոքի ցույցեր

Շաբաթ օրը ձերբակալված Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի հարյուրավոր կողմնակիցներ հավաքվել էին դատարանի շենքի մոտ, որտեղ նա հարցաքննվում էր կոռուպցիայի և ահաբեկչության հետ կապերի մեղադրանքով։

Սպասվում էր, որ նա պաշտոնապես կդառնա ընդդիմադիր խոշորագույն կուսակցության (Հանրապետական ժողովրդական ​​կուսակցություն) նախագահի թեկնածուն կիրակի կայանալիք կուսակցական նախնական ընտրություններում։

Շատերը կարծում են, որ նրա կալանքը քաղաքական դրդապատճառներ ունի և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրում են 2028 թվականին նշանակված հաջորդ նախագահական մրցավազքից իր հիմնական քաղաքական մրցակցին հեռացնելու մեջ: Պաշտոնյաները հերքում են մեղադրանքները և ասում են, որ Թուրքիայի դատարաններն ազատ են և գործում են կառավարությունից անկախ:

Շաբաթ օրը ոստիկանությունը Իմամօղլուին հարցաքննել է մոտ հինգ ժամ՝ արգելված Քուրդիստանի բանվորական կուսակցությանն աջակցելու մեղադրանքների շրջանակում, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Իմամօղլուն այնուհետև տեղափոխվել է դատարան՝ դատախազների կողմից հարցաքննության համար՝ մոտ 90 այլ անձանց հետ, ովքեր նույնպես ձերբակալվել են նրա հետ։

Մեկ օր առաջ Ստամբուլի քաղաքապետը նույնպես մի քանի ժամ հարցաքննվել է իր դեմ առաջադրված կոռուպցիայի մեղադրանքով։ Դատախազները նրան մեղադրել են պաշտոնը ֆինանսական շահի համար օգտագործելու մեջ։ Երկու հարցաքննությունների ժամանակ էլ Իմամօղլուն հերքել է բոլոր մեղադրանքները։

Իշխանությունները սահմանափակել են մուտքը դատարանի շենք՝ բարիկադներ տեղադրելով ճանապարհներին և փակելով մետրոյի մոտակա կայարանները: Հարյուրավոր ոստիկաններ և մեկ տասնյակից ավելի ջրցան մեքենաներ են ուղարկվել մոտակա տարածքը պաշտպանելու համար, սակայն հարյուրավոր ցուցարարների հաջողվել է հասնել շենք, որտեղ նրանք բողոքի ակցիա են կազմակերպել՝ վանկարկելով «Իրավունքներ, օրենք, արդարություն»:

Բախումներ ցուցարարների և ոստիկանների միջև

Ստամբուլում շաբաթ օրը՝ Իմամօղլուի ձերբակալությունից հետո տեղի ունեցած ցույցերի չորրորդ օրը, բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև։

Ոստիկանությունը պղպեղի աէրոզոլ և արցունքաբեր գազ է կիրառել ամբոխը ցրելու և հարյուրավոր ցուցարարների հետ մղելու համար, որոնք քարեր և այլ առարկաներ են նետել ոստիկանների վրա։

Ստամբուլի նահանգապետը հայտարարել է մինչև մարտի 26-ը ցույցերի արգելքը երկարաձգելու մասին։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն իր հերթին դիմել է ցուցարարներին։ Նա ընդդիմությանը մեղադրել է «լարվածության ու քաոսի մթնոլորտ» ստեղծելու փորձերի մեջ։

Վերջին տասնամյակի ամենամեծ բողոքի ալիքը Թուրքիայում

Ցուցարարները հավաքվել են նաև Ստամբուլի քաղաքապետարանի շենքի, Իմամօղլուի գրասենյակի մոտ, որտեղ քաղաքապետի ձերբակալությունից հետո ամեն օր բողոքի ակցիաներ են տեղի ունենում։

Ցույցերը նշանավորեցին բողոքի ամենամեծ ալիքը Թուրքիայում վերջին ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում։

Բողոքի ցույցերը հիմնականում խաղաղ բնույթ են կրել, սակայն մի խումբ ցուցարարներ, ովքեր փորձել են ճեղքել բարիկադները Ստամբուլի գլխավոր հրապարակ մտնելու համար, քարեր և այլ առարկաներ են նետել ոստիկանների ուղղությամբ:

Ցուցարարներն ասում են, որ իրենց դեմ կիրառվել են պղպեղի աէրոզոլներ, ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ, իսկ ոմանք նույնիսկ ասում են, որ ոստիկանությունը ռետինե փամփուշտներ է արձակել:

Ներքին գործերի նախարարը հայտնել է, որ խոշոր քաղաքներում համազգային բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է 323 մարդ։

Նախընտրական քարոզարշավը շարունակվում է

Իմամօղլուի կալանավորումը տեղի է ունեցել կիրակի նախատեսված նախնական ընտրություններում ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության նախագահի թեկնածու առաջադրվելուց օրեր առաջ:

Կուսակցության նախագահ Օզգյուր Օզելը նշել է, որ նախնական ընտրությունները, որոնք կարող են ներգրավել մոտ 1,5 միլիոն պատվիրակների, կանցնեն այնպես, ինչպես նախատեսված էր: