ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Տեդրոս Գեբրեյեսուսը հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում հույսի նշույլներ կան, չնայած COVID-19-ի դեպքերի թիվը գերազանցել է 20 մլն.-ը:
«Ես գիտեմ, որ ձեզնից շատերը սգի մեջ են և սա դժվար պահ է ողջ աշխարհի համար: Բայց ես ցանկանում եմ հստակություն մտցնել. կան հույսի կանաչ ծիլեր և անկախ այն բանից, թե որտեղ է գտնվում երկիրը, տարածաշրջանը, մարզը, քաղաքը կամ գյուղը, երբեք ուշ չէ հակադարձել COVID-19-իբռնկմանը»,- հայտնել է Գեբրեյեսուսը Ժնևում կազմակերպության գլխավոր գրասենյակում մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է "Российская газета"-ն:
Նա նույնպես կոչ է արել քաղաքացիներին պահպանել սահմանափակման միջոցառումները, իսկ պետություններին՝ վճռականորեն կանխել վարակի տարածումը և օրինակ վերցնել մի շարք երկրներից, որոնք հաջողության են հասել այդ գործում. օրինակ, Ռուանդայից, Կարիբյան ծովի և Խաղաղ օվկիանոսի մի շարք կղզի պետություններից, ինչպես նաև Նոր Զելանդիայից: ԱՀԿ գլխավոր տնօրենի կարծիքով, վերջինը հանդիսանում է ողջ աշխարհի համար գլխավոր օրինակն այն բանի, թե ինչպես պետք է պայքարել կորոնավիրուսի դեմ:
Իր ելույթում ԱՀԿ ղեկավարը անդրադարձել է նաև կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հարցին՝ նշելով, որ պատվաստանյութի համընդհանուր հասանելիությունն ապահովելու համար անհրաժեշտ կլինի ավելի քան 100 մլրդ. դոլար: Չնայած դա ահռելի գումար է թվում, բայց իրականում այն այդքան էլ մեծ չէ տասնյակ տրիլիոն դոլարների համեմատ, որոնք G20-ի երկրները տրամադրել են հակաբյուջետային (ֆիսկալ) խթանմանը համավարակի հետևանքները հաղթահարելու համար, նշել է ԱՀԿ ղեկավարը: -0-