Առաջին անգամ երեխա է ծնվել, որը բեղմնավորվել է արհեստական բանականության օգնությամբ

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Աշխարհում առաջին անգամ երեխա է ծնվել, որը բեղմնավորվել է ICSI (սերմնաբջջի ներցիտոպլազմային ներարկում) մեթոդով, որն իր հերթին ամբողջովին վերահսկվում է արհեստական բանականության կողմից։ Այս ռոբոտացված համակարգը, որը մշակվել է ԱՄՆ-ի և Մեքսիկայի գիտնականների կողմից, ավտոմատացնում է ընթացակարգի բոլոր 23 փուլերը՝ ապահովելով բարձր ճշգրտություն և կայունություն, որը գերազանցում է մարդկային հնարավորությունները, գրում է ixbt.com–ը։
Ավանդական ICSI մեթոդը, որն օգտագործվում է արտամարմնային բեղմնավորման մեջ 1990-ականներից ի վեր, նախատեսում է սաղմնաբանի կողմից սերմնաբջջի ներարկումը ձվաբջջի մեջ: Նոր համակարգն օգտագործում է արհեստական բանականությունը՝ միկրոներարկումներն ու լազերները կառավարելու համար, որոնք անշարժացնում են ընտրված սերմնաբջիջները։
Hope IVF Mexico-ում անցկացված պիլոտային հետազոտության ժամանակ 40-ամյա կին պացիենտըի մոտ, որն ուներ արտամարմնային բեղմնավորման անհաջող փորձ, բեղմնավորվել է հինգ դոնորային ձվաբջիջ՝ ռոբոտային համակարգի միջոցով և երեք ձվաբջիջ՝ ձեռքով: Ռոբոտի օգնությամբ պրոցեդուրան տևել է մոտ տասը րոպե մեկ ձվաբջջի համար, և գիտնականները կարծում են, որ այն կարելի է ապագայում արագացնել։
Ռոբոտի կողմից բեղմնավորված հինգ ձվաբջիջներից չորսը նորմալ զարգացել են։ Ստացված սաղմներից մեկը սառեցվել է, իսկ հետո հաջողությամբ իմպլանտացվել պացիենտին, ինչի արդյունքում ծնվել է առողջ տղա։
Գիտնականները կարծում են, որ ICSI–ի ավտոմատացումը կբարձրացնի արտամարմնային բեղմավորման արդյունավետությունը, կնվազեցնի սաղմնաբանների ծանրաբեռնվածությունն ու արդյունքները կդարձնի ավելի կանխատեսելի։ Հարկ է նշել, որ նախորդ տարվա վերջ երեխա է ծնվել, որը բեղմնավորվել է արտամարմնային բեղմնավորման մեկ այլ նորարարական մեթոդի՝ Fertilo-ի օգնությամբ, որը ստեղծում է ձվաբջջի բնական հասունացման իմիտացիա և նվազեցնում է հորմոնալ թերապիայի անհրաժեշտությունը։