ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Facebook–ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը պարզաբանել է, թե ինչու է «Անվտանգության ստուգում» ֆունկցիան սոցցանցում հայտնվել միայն Փարիզում նոյեմբերի 13–ին տեղի ունեցած ահաբեկչություններից, այլ ոչ թե Բեյրութի արվարձանում նոյեմբերի 12–ին գրանցված պայթյուններից հետո։ Ինչպես հաղորդում է
Lenta.ru–ն, այս մասին նա գրել է սոցցանցի իր էջում։
Ցուկերբերգի խոսքով` մինչև Ֆրանսիայի իրադարձությունները Facebook–ի կանոններով նախատեսված էր, որ ֆունկցիան անհրաժեշտ է ակտիվացնել միայն այն շրջաններում, որտեղ գրանցվել է ողբերգությունը։ «Մենք փոխել ենք այդ կանոնները և հիմա նախատեսում ենք ակտիվացնել անվտանգության ստուգման ֆունկցիան մարդկանց հետ տեղի ունեցող այլ աղետների դեպքում ևս», – նշվում է հաղորդագրության մեջ։
Facebook–ի օգտատերերը կարող են «Safe check» ֆունկցիայի միջոցով տեղեկացնել, որ չեն տուժել Փարիզի ահաբեկչություններից>>
Սոցցանցի մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ ֆունկցիան որոշվել է ակտիվացնել` Facebook–ում գրառումների թվի կտրուկ աճին ի պատասխան, որտեղ օգտատերերը տեղեկություն էին հայտնում տեղի ունեցած մասին, ինչպես նաև փորձում էին տեղեկանալ Փարիզում գտնվող իրենց հարազատների և բարեկամների վիճակի մասին։
«Անվտանգության ստուգման» ֆունկցիայի միջոցով Facebook–ում հատուկ էջ է հայտնվում, որի օգնությամբ տուժած շրջանում հայտնված օգտատերերը կարող են տեղեկացնել, որ անվտանգ են։ Մնացած օգտատերերը կարող են ստուգել իրենց ընկերների կարգավիճակը։
«Շնորհակալություն բոլորին, ովքեր դիմել են նման հարցերով։ Դուք իրավացի եք, որ աշխարհում տեղի են ունենում բազմաթիվ այլ կարևոր իրադարձություններ։ Մենք հավասարապես ենք հոգ տանում բոլոր մարդկանց նկատմամբ և կփորձենք օգնել դժբախտության մեջ հայտնված բոլոր մարդկանց», – նշել է Ցուկերբերգը։
Նոյեմբերի 14–ի գիշերը Փարիզում և նրա արվարձաններից մեկում մի շարք ահաբեկություններ և կրակոցներ էին գրանցվել։ Վերջին տվյալներով` զոհվել է 130 մարդ, ավելի քան 352–ը վիրավոր է, որոնցից 100–ը ծայրահեղ ծանր վիճակում են։
Ահաբեկիչները գրոհներ են կազմակերպել Փարիզի տարբեր կետերում։ Մեծ թվով զոհեր են գրանցվել «Բատակլան» համերգասրահում, որտեղ ահաբեկիչները պատանդ են վերցրել հանդիսատեսին։ Այնտեղ սպանվել է մոտ հարյուր մարդ։ Բացի այդ, մահապարտները պայթյուններ են կազմակերպել «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտակայքում։ Զինված գրոհայինները գնդակահարել են մի քանի սրճարանների և ռեստորանների այցելուների։
Նոյեմբերի 12–ի երեկոյան երկու մահապարտ ահաբեկիչներ մոտոցիկլետներով գրոհել են Բեյրութի հարավում գտնվող ծայրամասերից մեկը։ Հզոր պայթյուններ են գրանցվել յոթ րոպեի տարբերությամբ։ Մահապարտներից մեկն իրեն պայթեցրել է շիիթական մզկիթի մոտակայքում գտնվող անցակետի մոտ, մյուսը` առևտրի կենտրոնի մոտակայքում։ Ահաբեկչությունների հետևանքով զոհվել է 41 մարդ, ավելի քան 200–ը վիրավորվել է։
Ահաբեկչությունների համար պատասխանատվությունը վերցրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։–0–