ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Ստամբուլի Քադըքյոյ վարչական շրջանում գտնվող «Սուրբ Թագավոր» եկեղեցու պատին պարեր կազմակերպած տղամարդիկ ձերբակալվել են, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով վարչական շրջանի ադմինիստրացիայի հաղորդագրությանը։
Թուրքական ԶԼՄ–ները հաղորդել էին, որ կիրակի լույս երկուշաբթի գիշերը մի խումբ երիտասարդներ պարեր են կազմակերպել եկեղեցու փողոցում։ Երկու տղամարդ, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, բարձրացել են եկեղեցու մուտքի մոտ գտնվող պատի վրա և շարունակել են պարել։ Խաչի ֆոնին պարող տղամարդկանց տեսանյութը հրապարակվել է սոցցանցերում։
«Երեք տղամարդ ձերբակալվել է։ Սկսվել է քննություն։ Մենք դատապարտում ենք այս նողկալի արարքը, որը դրսևորվել է սրբավայրերի նկատմամբ», – նշվում է հաղորդագրության մեջ։
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիկը դատապարտել է հայկական «Սուրբ Թագավոր» եկեղեցու պատին պարեր կազմակերպած տղամարդկանց։
«Մենք դատապարտում ենք «Սուրբ Թագավոր» եկեղեցու նկատմամբ անհարգալից վերաբերմունքը։ Նման ակցիաները, որոնք ուղղված են մզկիթների, եկեղեցիների, սինագոգների նկատմամբ, անհարգանք է բոլորի նկատմամբ, մենք դա սադրանք ենք համարում», – գրել է Չելիկը Twitter–ի իր էջում։–0–