ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հարավային ռազմական օկրուգի զորքերի ռազմական հնարավորություններն ավելացվում են Անդրկովկասի և Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում իրավիճակի կարգավորմանն հակազդելու ՆԱՏՕ–ի փորձերի պատճառով, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«Մերձավոր Արևելքի և Անդրկովկասի մի շարք երկրներում նկատվում է անկայուն վիճակ։ Վերջինիս կարգավորմանն հակազդելու ՆԱՏՕ–ի փորձերը ստիպում են մեզ ձեռնարկել ռազմավարական զսպման համաչափ միջոցներ և ավելացնել Հարավային ռազմական օկրուգի ռազմական հնարավորությունները», – ասել է Շոյգուն երեքշաբթի ՌԴ պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ–ը։
ՌԴ պաշտպանության նախարարի խոսքով, «զորակազմի արդիականացման շրջանակում նախորդ տարի իրականացվել է 54 կազմակերպչական միջոցառում, որոնցից գլխավորը ևս մեկ մոտոհրաձգային դիվիզիայի կազմավորումն էր»։
«Միաժամանակ օկրուգն անդադար վերազինվում է։ 2020թ.–ին զորքը ստացել է ավելի քան 3,2 հազար միավոր ժամանակակից սպառազինություն և ռազմական տեխնիկա, իսկ դրանց մասնաբաժինը զորամասերում և զորամիավորումներում կազմել է 70%», – ասել է Շոյգուն։
Նա նաև նշել է, որ ռազմական կառավարման մարմինների պատրաստման ժամանակ կիրառվում են կառավարման նոր համակարգեր, ավելացել է գործնական միջոցառումների որակը։
Նրա խոսքով, Հարավային ռազմական օկրուգի գործունեության պլանների կատարումը դիտարկվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մայիսյան հրամանների և Սոչիում կայացած խորհրդակցությունների արդյունքում տրված հանձնարարականների կատարման շրջանակում։–0–