ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ամերիկյան ամենահեղինակավոր թերթերից մեկը` New York Post–ը, հրապարակել է
հոդված, որում ղարաբաղյան հակամարտության մեջ Թուրքիայի մասնակցությունն անվանել է 1915թ.–ի Հայոց ցեղասպանության շարունակություն։
«Ադրբեջանցիներն ակնհայտ ագրեսորներ են։ Նրանք ոչ միայն թվաքանակով երեք անգամ գերազանցում են հայերին, այլև իրենց զինված ուժերն արդիականացնում են թուրքերի օգնությամբ», – գրում է New York Post–ը։
Հոդվածում նշվում է, որ Թուրքիայի նախագահ ՌեջեպԹայիպ Էրդողանի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող աջակցությունը լավ միջոց է շեղել ուշադրությունը երկրի տնտեսության անկումից։ Թուրքիայի կողմից իրականացվող աջակցությունը վաղեմի լոկալ հակամարտությունը վերածում է մեծ աշխարհաքաղաքական մրցակցության, նշում է թերթը։
«Պատմությունը դա ավելի սարսափելի է դարձնում. Անկարան նախկինի պես հրաժարվում է ճանաչել Առաջին աշխարհամարտի վերջերին մոտ 1,5 մլն հայերի Ցեղասպանությունը, իսկ հիմա այն կրկին մտադիր է սպանել անթիվ–անհամար մարդկանց», – գրում է New York Post–ը։
Թերթն ընդգծում է, որ այն դեպքում, երբ Միացյալ Նահանգները, ԵՄ–ն, ՄԱԿ–ը, ՆԱՏՕ–ն, Հռոմի Ֆրանցիսկոս Պապը և այլք կոչ են անում դադարեցնել կրակը, Էրդողանը բորբոքում է ուժգնացող կրակը` Ադրբեջանին առաջարկելով անսասան աջակցություն։–0–