Մահացել է հայտնի օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /Նովոստի Արմենիա/. 56 տարեկանում կյանքից հեռացել է հռչակավոր օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին։
2015 թվականի հունիսին երգչի մոտ հայտնաբերվել էր ուղեղի ուռուցք, հայտնում է «Коммерсант»–ը։
Հիվանդության մասին իմանալուց հետո երգիչը չեղյալ էր հայտարարել իր բոլոր ելույթները։ Լոնդոնի օնկոլոգիական կենտրոներից մեկում Դմիտրի Խվորոստովսկին անցել էր քիմիաթերապիայի մի քանի կուրս։
Քիմիաթերապիայի կուրսերից հետո նրա առաջին ելույթը տեղի ունեցավ 2015 թվականի օգոստոսի 25–ին Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայի բեմում։ Սակայն անցած տարվա դեկտեմբերին երգչի առողջական վիջակը վատացել էր, և նա նորից չեղյալ էր հայտարարել բոլոր ելույթները։
Դմիտրի Խվորոստովսկին ծնվել է Կրասնոյարսկում 1962 թվականի հոկտեմբերի 16–ին։ Նա հայտնի է դարձել 1989 թվականին Քարդիֆում (Մեծ Բրիտանիա) կայացած «Աշխարհի երգիչ» վոկալիստների միջազգային մրցույթում տարած հաղթանակից հետո։ 1995 թվականին Խվորոստովսկին արժանացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստի կոչմանը։ Նա պարգևատրվել է Ալեքսանդր Նևսկու (2015) և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի (2017) շքանշաններով։ –0–