ԱՄՆ–ն ցանկանում է քառակի ավելացնել Ռուսաստանին հակազդելու համար նախատեսված ծախսերը

25.04.2016, 13:13
Կոնգրեսականները մտադիր են ավելացնել Ռուսաստանին հակազդելու համար նախատեսված ծախսերը:
ԱՄՆ–ն ցանկանում է քառակի ավելացնել Ռուսաստանին հակազդելու համար նախատեսված ծախսերը

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Կոնգրեսականները մտադիր են ավելացնել Ռուսաստանին հակազդելու համար նախատեսված ծախսերը, գրում է gazeta.ru–ն` հղում անելով The Hill–ին։

Նշվում է, որ հաջորդ տարվա պաշտպանական բյուջեի քննարկման ընթացքում, որը տեղի կունենա ապրիլի 27–ին, ամերիկացի օրենսդիրները կառաջարկեն քառակի ավելացնել եվրոպական դաշնակիցների անվտանգության ամրապնդման ծախսերը, «որոնք վախենում են Մոսկվայի գործողություններից»։ Այսպես, այդ նախաձեռնության համար նախատեսվում է ծախսել 3,4 մլրդ դոլար։ Բացի այդ, օրենսդրության մեջ նախատեսվում է 150 մլն դոլարի օգնություն տրամադրել Կիևին «Ուկրաինայի անվտանգությանը աջակցելու» շրջանակում։

«Մենք ունենք գումար` Արևելյան Եվրոպայի տարբեր մասերում զորք տեղակայելու, այդ տարածաշրջանում ներկա լինելու և մեր դաշնակիցներին աջակցելու համար», – հայտարարել է Սպառազինության կոմիտեի անդամ Ադամ Սմիթը։

Կոնգրեսականները նաև ցանկանում են ավելացնել ռազմական ինքնաթիռների, նավերի և սպառազինության այլ տեսակների գնման ծախսերը` «Ռուսաստանին հակազդելու նպատակով»։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պենտագոնը նախատեսում է քառակի ավելացնել 2017 թ.–ին Եվրոպայում դաշնակիցներին աջակցելու համար նախատեսված ծախսերը։ –0–