Հայ բեռնափոխադրողները մտահոգված են ձյան պատճառով «Վերին Լարս» հսկիչ անցակետի աշխատանքի սահմանափակումներով

23.11.2011, 10:17
Հայ բեռնափոխադրողները մտահոգված են ձյան պատճառով «Վերին Լարս» հսկիչ անցակետի աշխատանքի սահմանափակումներով
Հայ բեռնափոխադրողները մտահոգված են ձյան պատճառով «Վերին Լարս» հսկիչ անցակետի աշխատանքի սահմանափակումներով

Հայ բեռնափոխադրողներից կազմված պատվիրակությունը երեքշաբթի ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ մտահոգություն է հայտնել ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» հսկիչ անցակետում երթևեկության հետ կապված խնդիրների կապակցությամբ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն՝ Վարդանյանը խոստացել է հարցը բարձրացնել վրացի գործընկերների առջև և համատեղ ուժերով փորձել լուծել խնդիրը:  

Ըստ գերատեսչության տվյալների, Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, վերջին 10 օրերին  ձյան առատ տեղումների և սառցակալման հետևանքով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի (Պոստա)-Կոբի հատվածում երթևեկությունն արգելված է տրեյլերների, կիսատրեյլերների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար:

Այլ մեքենաների համար երթևեկությունը թույլատրվում է հակատեղապտույտային շղթաների առկայության պարագայում: Երկու տանող կամրջակներով մեքենաների համար երթևեկությունը բաց է: Նշված ճանապարհահատվածում մեքենաները կշարժվեն թունելներով`ձնահոսքերից պաշտպանվելու նպատակով: Ճանապարհի այլ հատվածներում երթևեկությունը բաց է: 

 «Վերին Լարս» հսկիչ անցակետը, որը գտնվում է Ռուսաստանի և Վրաստանի սահմանի վրա, ապահովում է Հայաստանի և Ռուսաստանի միջև միակ ուղիղ վերերկրյա տրանսպորտային կապը: Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման պայմաններում «Վերին Լարսը» կարևոր դեր է խաղում արտաքին աշխարհի հետ հանրապետության տնտեսական կապերի պահպանման գործում:-0-