ԵԱՏՄ–ն ապացուցել է իր արդիականությունն ու կենսունակությունը․ ՀՀ–ում ՌԴ դեսպան

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Մայիսի 29-ին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրները նշում են ԵԱՏՄ-ի օրը։ Այն դինամիկ զարգացող ինտեգրացիոն կազմակերպությունը, որը միավորում է Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը, պատմական չափանիշներով համեմատաբար կարճ ժամանակահատվածում ապացուցել է իր արդիականությունն ու կենսունակությունը։ Այս մասին նշվում է ՀՀ–ում ՌԴ դեսպան Ս․ Պ․ Կոպիրկինի հոդվածում ԵԱՏՄ–ի օրվա կապակցությամբ։
2014 թվականին ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի ստորագրումից ի վեր ձևավորվել է ընդհանուր տնտեսական տարածք, որn ընդգրկում է գրեթե 200 միլիոն մարդ, որտեղ լիարժեք գործում են «չորս ազատությունները»՝ ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժը։ Ներքին խոչընդոտների վերացումը, պահանջների միավորումը, տեխնիկական չափորոշիչների համաձայնեցումը, մասնագետների ազատ տեղաշարժը, այս ամենը կոնկրետ և շոշափելի օգուտ է բերում մասնակից երկրների քաղաքացիների համար։
Եվրասիական ինտեգրումն ուղղված է ԵԱՏՄ երկրների բնակչության շահերի ապահովմանը։ Դա տեսանելի է առաջին հերթին միասնական աշխատաշուկայի գործունեության մեջ։ Մասնակից երկրների քաղաքացիները կարող են անխոչընդոտ աշխատել միության ցանկացած պետությունում՝ առանց պատենտի և հատուկ թույլտվության։ Աշխատանքի առաջին օրվանից նրանց նկատմամբ կիրառվում է ընդունող երկրի ռեզիդենտների համար սահմանված ֆիզիկական անձանց եկամտահարկի դրույքաչափը: Աշխատողներին և նրանց ընտանիքի անդամներին տրամադրվում է բժշկական օգնություն։ Երեխաների համար հասանելի է դպրոցական կրթությունը։
Այսօր ԵԱՏՄ-ն ապացույցն է այն բանի, որ եվրասիական ինտեգրումը գործում է։ Միությունը օգուտ է բերում մարդկանց, բիզնեսին և անդամ պետություններին։ Այն հստակ ցույց է տալիս, որ վստահության, իրավահավասարության և փոխադարձ օգուտի վրա հիմնված համագործակցությունը լավագույն պատասխանն է գլոբալ մարտահրավերներին։
Դեսպանի ամբողջ հոդվածը հասանելի է հետևյալ հղումով։