Շուտով կմեկնարկի Երևանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի շինարարության նոր փուլը. քաղաքապետ

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը, հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները», – նշել է Ավինյանը Facebook-ի իր էջում։
Նրա խոսքով՝ մոտ ապագայում նախատեսվում է հետևյալը. ՀՀ կառավարության կողմից ֆինանսավորման հաստատում, ազդեցության գոտում օտարման և տարաբնակեցման աշխատանքներ, շինարարության մրցույթի նախապատրաստում:
«Նախագծի իրականացման գործընթացը և հետագա քայլերը քննարկվել են «Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Աբրամսոնի հետ», - նշել է քաղաքապետը:
«Աջափնյակ» մետրոյի կայարանի մասին
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Աջափնյակ» մետրոյի կայարանի կառուցման ծրագրի ընդհանուր արժեքը գնահատվում է մոտավորապես 50 միլիոն դոլար։
ՀՀ կառավարությունը նախագծային աշխատանքների համար հատկացրել է 750 միլիոն դրամ, իսկ քաղաքապետարանը՝ ևս 554 միլիոն դրամ։ Կայարանի նախագծա-նախահաշվային փաստաթղթերը մշակվել են մրցույթում հաղթած «Մետրոգիպրոտրանս» (Ռուսաստան) ընկերության կողմից։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ «Աջափնյակ» մետրոյի կայարանի կառուցապատողը կորոշվի մինչև 2025 թ.-ի վերջը, իսկ շինարարությունը կսկսվի 2026 թ.-ին։