«AliExpress Ռուսաստանը» կօգնի ՀՀ–ին ընդլայնել ՓՄՁ–ների արտադրանքի արտահանումը

13.03.2020, 20:44
«AliExpress Ռուսաստանը» պատրաստակամություն 1 հայտնել ընդլայնելու իր գործունեությունը Հայաստանում՝ նպաստելով ՓՄՁ-ների արտադրանքի արտահանման աճին
«AliExpress Ռուսաստանը» կօգնի ՀՀ–ին ընդլայնել ՓՄՁ–ների արտադրանքի արտահանումը
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի./Նովոստի–Արմենիա/. «AliExpress Ռուսաստան» կազմակերպությունը պատրաստակամություն է հայտնել ընդլայնել իր գործունեությունը Հայաստանում՝ նպաստելով ՓՄՁ-ների արտադրանքի արտահանման աճին:

Այս մասին հայտարարվել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և «AliExpress Ռուսաստան» կազմակերպության ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։

Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, հանդիպման սկզբում «AliExpress Ռուսաստան» կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն Դմիտրի Սերգեևը ներկայացրել է իրենց գործունեության հիմնական ուղղությունները և սկզբունքները:

Քննարկվել է ժամանակակից պայմաններում էլեկտրոնային առևտրի զարգացման կարևորությունը՝ հաշվի առնելով անկանխիկ գործառնության ընդլայնման անհրաժեշտությունը:

Կազմակերպության ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել ընդլայնելու իրենց գործունեությունը Հայաստանում՝ նպաստելով ՓՄՁ-ների արտադրանքի արտահանման աճին:

Անդրադարձ է կատարվել էլեկտրոնային առևտրի ընդլայնման տեսանկյունից Հայաստանի ներուժին և հայաստանյան կազմակերպությունների հետ համագործակցության հնարավորություններին:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել առավել արդյունավետ լոգիստիկ լուծումների մշակման հեռանկարի շուրջ:–0–