Մահացել է Հայաստանի վաստակավոր արտիստ, դերասան Արա Դեղտրիկյանը

19.03.2025, 10:26
Մահացել է դերասան, հաղորդավար, ասմունքող, Հայաստանի վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանը, նա 60 տարեկան էր
Մահացել է Հայաստանի վաստակավոր արտիստ, դերասան Արա Դեղտրիկյանը

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Մահացել է դերասան, հաղորդավար, ասմունքող, Հայաստանի վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանը, նա 60 տարեկան էր։

Այս մասին հայտնում է Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը։

«Ցավով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանը», – նշվում է հաղորդագրության մեջ։


Արա Դեղտրիկյանը ծնվել է 1965 թվականի փետրվարի 14-ին, Երևանում։ 1982 թվականին ավարտել է Ն.Աղբալյանի անվան թիվ 19 միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժին։

1987 թվականից խաղացել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում։ 1991-1992 թվականներին աշխատել է «Թատրոն 13»-ում, որի հետ մեկնել է հյուրախաղերի Վորոնեժ, Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ և մասնակցել փառատոների, որտեղ «Չարլեի մորաքույրը» ներկայացման համար արժանացել է գլխավոր մրցանակի։

1992-1997 թվականներին բեմադրիչ Նարեկ Դուրյանի թատերախմբի հետ հյուրախաղեր է ունեցել եվրոպական մի շարք երկրներում։ 1994-1997 թվականներին աշխատել է Երևանի պետական համազգային թատրոնում։ Այդ ժամանակահատվածում համագործակցել է «Գոյ» թատրոնի հետ։ 1994 թվականին հրավիրվել է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն, որտեղ աշխատել է մինչև մահ։

Դեղտրիկյանն ամուսնացած էր ՀՀԿ–ից նախկին պատգամավոր Կարինե Աճեմյանի հետ, ունի մեկ դուստր։