Լոնդոնի միջազգային աճուրդում վաճառվող հայկական մշակույթի մեծագույն արժեքներից մեկը կվերադարձվի Հայաստան

18.12.2025, 21:38
ՀՀ կառավարության որոշմամբ ավելի քան 175 միլիոն դրամ կհատկացվի 1188 թվականին պատրաստված հայկական բացառիկ մշակութային արժեքի՝ քանդակված փայտյա դռան փեղկի ձեռքբերման համար
Լոնդոնի միջազգային աճուրդում վաճառվող հայկական մշակույթի մեծագույն արժեքներից մեկը կվերադարձվի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ կառավարության որոշմամբ ավելի քան 175 միլիոն դրամ կհատկացվի 1188 թվականին պատրաստված հայկական բացառիկ մշակութային արժեքի՝ քանդակված փայտյա դռան փեղկի ձեռքբերման և հայրենադարձման համար։

«Կառավարության պահուստային ֆոնդից 175.3 միլիոն դրամ կհատկացվի այս եզակի մշակութային գանձը Լոնդոնի միջազգային աճուրդում ձեռք բերելու համար։ Այն կհասցվի Երևան և կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում», - հինգշաբթի կառավարության նիստում նշել է Անդրեասյանը։

Լոնդոնի միջազգային աճուրդում հայտնաբերված այս կոթողը միջնադարյան հայկական փայտագործության եզակի նմուշ է, որը նախկինում գտնվել է Նյու Յորքի մասնավոր հավաքածուում, իսկ այժմ պահվում է Սէմ Ֆոգի պատկերասրահում։

Ընկուզենու փայտից պատրաստված և «թևավոր» խաչի պատկերով զարդարված փեղկի իսկությունը հաստատվել է ռադիոածխածնային վերլուծությամբ և մասնագիտական ուսումնասիրություններով։

Հաշվի առնելով, որ միջնադարյան հայկական փայտարվեստից մեզ շատ քիչ օրինակներ են հասել, այս ձեռքբերումը բացառիկ նշանակություն ունի հայ մշակութային ժառանգության ամբողջականացման համար։

Հայաստան տեղափոխվելուց հետո մշակութային արժեքը կհանձնվի պետական պահպանության և կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում։ Սա հնարավորություն կտա գիտական համայնքին իրականացնել լրացուցիչ հետազոտություններ, ինչպես նաև կնպաստի թանգարանային հավաքածուի հարստացմանն ու միջազգային ճանաչելիության բարձրացմանը։

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ ԿԳՄՍՆ-ն այժմ իրականացնում է միջազգային աճուրդների դիտանցումներ. «Մեզ հետաքրքրող մշակութային արժեքները, որոնք մեր ժառանգության կարևոր մասն են, փորձում ենք ձեռք բերել»: