Հոբելյանական «Ոսկե ծիրան». լեգենդար ժյուրի, կինոարդյունաբերության նորույթները և «կանաչ լույս» երիտասարդ ռեժիսորներին

01.06.2018, 21:16
Երևանի 15–րդ միջազգային «Ոսկե ծիրան» հոբելյանական կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 8-15–ը։
Հոբելյանական «Ոսկե ծիրան». լեգենդար ժյուրի, կինոարդյունաբերության նորույթները և «կանաչ լույս» երիտասարդ ռեժիսորներին
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Երևանի 15–րդ միջազգային «Ոսկե ծիրան» հոբելյանական կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 8-15–ը։

«Այս տարի փառատոնն առանձնակի կարևորություն ունի, քանի որ այն հոբելյանական է: 15 տարվա ընթացքում մեր առաքելությունն իրագործելու ճանապարհին, մենք հավատարիմ ենք մնացել փառատոնի որդեգրած՝ «Մշակույթների և քաղաքակրթությունների խաչմերուկ» կարգախոսին: Փառատոնի կայացման գործում մեծ ներդրում են ունեցել ՀՀ մշակույթի նախարարությունը և մեր գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր գործընկերներներին, որոնց շնորհիվ է նաև, որ «Ոսկե ծիրան»-ն այսօր տարածաշրջանի կարևորագույն միջազգային մշակութային իրադարձություններից է և իր ուրույն տեղն ունի համաշխարհային կինոքարտեզի վրա»,- ուրբաթ ասել է փառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը։

Խաղարկային ֆիլմերի ժյուրին այս տարի կնախագահի կրկնակի օսկարակիր, Կաննի միջազգային կինոփառատոնի մրցանակակիր Ասղար Ֆարհադին (Իրան): Հանձնաժողովի կազմում են Եվրոպական կինոշուկայի նախագահ Բեկի Պրոբսթը (Գերմանիա), ռուս ռեժիսոր Բորիս Խլեբնիկովը (Ռուսաստան), ֆրանսահայ կինոռեժիսոր Վալերի Մասադյանը (Ֆրանսիա), ճանաչված կինոօպերատոր Լերի Սմիթը (Միացյալ Թագավորություն)։

Իսկ վավերագրական ֆիլմերի ժյուրին կնախագահի ժամանակակից վավերագրական կինոյի նշանավոր կինոռեժիսոր Ճաո Լյանը (Չինաստան): Ժյուրիի կազմում են ռեժիսոր, սցենարիստ Ալեքսեյ Վախրուշևը (Ռուսաստան), Լիտվայի երաժշտության և թատրոնի ակադեմիայի պրոֆեսոր, ռեժիսոր և պրոդյուսեր Աուդրյուս Սթոնիսը (Լիտվա), ռեժիսոր և պրոդյուսեր Բեն վան Լիսհաութը (Նիդերլանդներ), միջազգային մի շարք կինոփառատոների, այդ թվում՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մրցանակակիր, կինոռեժիսոր Թամարա Ստեփանյանը (Ֆրանսիա)։

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն իր հերթին ասել է, որ արդեն 15 տարի շարունակ «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը կինոարվեստը շարունակում է դարձնել մշակույթի զարգացման հիմնասյունն ուանկյունաքարը: Ակնհայտ է, որ փառատոնը ոչ միայն կրթում ու դաստիարակում էսերունդներ, այլև ձևավորում է արժեհամակարգ: «Այդ մասին է վկայում երիտասարդսերնդի տարեցտարի ավելացող հետաքրքրությունն ու սերը դեպի կինոարվեստն ումշակույթը: Սա իսկապես մեծ ներդրում է մեր երկրի համար, և ես ուրախ եմ, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ն այս հոբելյանական տարում ամուր կանգնած է կինոփառատոնի կողքին»։

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն ուրախությամբ նշել է, որ «այս տարի ամառը ևս մշակութային կյանքով լի է լինելու: Ողջունում եմ նախաձեռնության կազմակերպիչներին և շնորհակալություն եմ հայտնում նվիրական աշխատանքի համար: Համոզված եմ, որ ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի ևս մեզ սպասում են հաճելի կինոդիտումներ և հանդիպումներ»։

«Ոսկե ծիրան» կինոփառատոնին կից, գործում է GAIFF Pro (ԳԱԻՖ պրո) կինոյի զարգացման հարթակը, որի աշխատանքային խումբն սկսել է Փոքր Կովկասի տարածաշրջանի կինոռեժիսորների 1-ին կամ 2-րդ լիամետրաժ ֆիլմերի համար նախատեսված՝ կինոնախագծերի և աշխատանքային փուլում գտնվող ֆիլմերի C2C (սի թու սի) համատեղ արտադրության շուկայի մասնակցության հայտերի ընդունումը:

«Կինոարտադրության այս հարթակը, մասնակիցներին հնարավորություն կընձեռի հուլիսի 9 - 13-ը Երևանում հանդիպել հրավիրված միջազգային պրոդյուսերների, ֆինանսավորողների, կինոֆոնդերի, ստուդիաների և փառատոնների ներկայացուցիչների հետ և ստեղծել համատեղ արտադրության և համագործակցության հնարավորություններ՝ ներկայացվող լիամետրաժ կինոնախագծի կամ աշխատանքային փուլում գտնվող ֆիլմի համար: Մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը 2018թ. հունիսի 4-ն է, իսկ աշխատանքային փուլում գտնվող ֆիլմերի համար՝ 2018թ. հունիսի 15-ը»,– ասվում է հաղորդման մեջ։

«Ոսկե ծիրան» կինոփառատոնը Երևանում անցկացվում է 2004 թվականից և ամենահեղինակավորն է տարածաշրջանում։ -0-