Հայաստանը «Սպիտակ» ֆիլմն առաջադրել է «Օսկարի»

09.10.2018, 15:31
Գրանցված հավակնորդների թվում 87 կինոժապավեն է:
Հայաստանը «Սպիտակ» ֆիլմն առաջադրել է «Օսկարի»
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ազգային կինոակադեմիան հայ–ռուսական արտադրության «Սպիտակ» ֆիլմն առաջադրել է Կինեմատոգրաֆիկ արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիայի («Օսկար») մրցանակի «Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգում։

Գրանցված հավակնորդների թվում 87 կինոժապավեն է, այդ թվում` Կոնստանտին Խաբենսկու ռեժիսորական դեբյուտ «Սոբիբոր» ֆիլմը, որն առաջադրել է Ռուսաստանը։

«Օսկարի» նոմինանտները կհայտարարվեն հունվարի 22–ին։ Մրցանակաբաշխությունը կանցկացվի 2019 թվականի փետրվարի 24–ին։

«Սպիտակ» ֆիլմը պատմում է 1988 թվականի դեկտեմբերի 7–ին Հայաստանի տարածքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի մասին։ Ողբերգությունը 25 հազար մարդու կյանք տարավ և առանց ապրուստի թողեց ավելի քան կես միլիոն մարդու։

Ֆիլմի ռեժիսոր Ալեքսանդր Կոտը «Սպիտակ» ֆիլմի համար արժանացել է Մոսկվայի 40–րդ միջազգային կինոփառատոնի լավագույն ռեժիսորի մրցանակին։

Ժապավենի սցենարի հեղինակը Մարինա Սոչինսկայան է։ «Սպիտակ» ֆիլմում նկարահանվել են Լեռնիկ Հարությունյանը, Ալեքսանդրա Պոլիտիկը, Ալեքսանդր Կուզնեցովտ, Հերմինե Ստեփանյանը։ Պրոդյուսերներն են` Ելենա Գլիկմանը, Թերեզա Վարժապետյանը և Հայաստանի կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզակյանը։ Ժապավենի օպերատորն է Պյոտր Դուխովսկոյը, կոմպոզիտորը` աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը։ -0-