ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը Երևանում կանցկացվի «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոյի և պատկերապատման արվեստի 7-րդ փառատոնը, հայտնում է փառատոնի մամուլի ծառայությունը։
Այս տարի փառատոնի նախընտրական ժյուրին և պատվավոր միջազգային խորհուրդն ընտրել է 184 անիմացիոն ֆիլմ, որոնք կմասնակցեն 5 մրցութային ծրագրի՝ «Լավագույն լիամետրաժ ֆիլմ», «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ», «Լավագույն երաժշտական հոլովակ», «Լավագույն հեռուստատեսային և ուսուցողական ֆիլմ» և «Լավագույն ավարտական ֆիլմ»։ Բացի այդ, «ՌեԱնիմանիա» փառատոնի շրջանակում կցուցադրվեն ոչ մրցութային ֆիլմեր, կներկայացվեն վավերագրական և էքսպերիմենտալ ֆիլմերի ծրագրերը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Վերածնունդ» անիմացիոն ֆիլմերի ծրագիրը, ինչպես նաև պատկերապատումների ցուցահանդես։
Ընդհանուր առմամբ, «ՌեԱնիմանիա» փառատոնն այս տարի մեկ շաբաթվա ընթացքում կցուցադրի ավելի քան 400 ֆիլմեր։ Փառատոնը կբացվի ֆրանսիական «Մունե» ֆիլմով (ռեժիսորներ՝ Ալեքսանդր Հեբոյան, Բենուա Ֆիլիպոն), իսկ փակմանը կցուցադրվի «Մարգարե» (ռեժիսոր՝ Ռոջեր Ալերս), որի արտադրությունն իրականացրել և գլխավոր հերոսուհուն հնչյունավորել է Սալմա Հայեքը։
ReAnimania միջազգային անիմացիոն կինոփառատոնն առաջին անգամ անցկացվել է Երևանում 2009թ.-ի հոկտեմբերի 6-ին։ ReAnimania նախագծի նպատակն է օգնել անիմացիոն արվեստի զարգացմանը, համաշխարհային կարգի անիմատոր նկարիչների նոր սերնդի դաստիրակման և համաշխարհային ասպարեզում հայ անիմատորների աշխատանքները ցուցադրելու համար քննարկումներ կազմակերպելը, ինչպես նաև հայ հանդիսատեսին ողջ աշխարհի լավագույն անիմացիոն ֆիլմեր ցուցադրելը։
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը փառատոնի տեղեկատվական հովանավորն է։ -0-