Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը ռեժիսոր Ռոբեր Գեդիգյանին հանձնել է «Եղիցի լույս» մրցանակը

16.07.2015, 20:32
Ֆրանսահայ ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ և դերասան Ռոբեր Գեդիգյանն արժանացել է «Ոսկե ծիրան» XII երևանյան միջազգային կինոփառատոնի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Եղիցի լույս» հատուկ մրցանակի։
Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը ռեժիսոր Ռոբեր Գեդիգյանին հանձնել է «Եղիցի լույս» մրցանակը

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 16. /Նովոստի–Արմենիա/. Ֆրանսահայ ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ և դերասան Ռոբեր Գեդիգյանն արժանացել է «Ոսկե ծիրան» XII երևանյան միջազգային կինոփառատոնի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Եղիցի լույս» հատուկ մրցանակի։

Բարձր պարգևն անվանի կինոգործչին հինգշաբթի անձամբ հանձնել է Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը` «համաշխարհային և հայկական կինոարվեստում անգնահատելի ավանդի, ինչպես նաև մշակութային և մարդասիրական արժեքների քարոզչության համար»։

Շնորհավորելով Գեդիգյանին` Ամենայն Հայոց Հայրապետը մաղթել է նրան նոր ստեղծագործական հաջողություններ, իսկ «Ոսկե ծիրան» փառատոնին` հետագա բարգավաճում և բարօրություն։

Միջոցառման ընթացքում Գարեգին Բ–ն «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն, անվանի ռեժիսոր Հարություն Խաչատրյանին հանձնեց ՀԱԵ «Ս. Սահակ-Ս. Մեսրոպ» շքանշանը։

«Ոսկե ծիրան» XII միջազգային կինոփառատոնն անցկացվում է Երևանում հուլիսի 12–19–ը։ Փառատոնն անցկացվում է Երևանում 2004 թ.–ից, այն տարածաշրջանի ամենահեղինակավոր փառատոներից է։

«Նովոստի-Արմենիան» կինոփառատոնի տեղեկատվական հովանավորն է։ -0-