ԵՐԵՎԱՆ, հուլիսի 14. /Նովոստի-Արմենիա/. «Ոսկե ծիրան» XII միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրեր` Օռնելլա Մուտին և Նաստասյա Կինսկին այցելել են Երևանի կոնյակի գործարան (ԵԿԳ), գրված է թանգարանի Facebook սոցցանցի պաշտոնական էջում:
Նախատեսված ծրագրի համաձայն` հյուրերը էքսկուրսիայի ընթացքում եղան «ARARAT» թանգարանում, հնեցման մառանում ծանոթացան «ARARAT» կոնյակների պատմությանն ու արտադրությանը:
Էքսկուրսիայի ընթացքում հյուրերը նաև շրջեցին գործարանի նախագահական սրահում, որտեղ պահվում են տարբեր երկրների նախագահների այցերի պատվին հնեցվող անվանական տակառները: Հյուրերին նաև ներկայացվել է «ARARAT»-ի որոշ հնեցված նմուշները, որոնք միշտ ցուցադրվում են ցուցահանդեսների ժամանակ:
«Աստղային պատվիրակությունը» նաև կանգ է առել «Խաղաղության տակառի» մոտ, որը հիմնադրվել է 2001 թվականին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցի առիթով: Տակառում պահվում է 1994 թվականի կոնյակի սպիրտը, որը խորհրդանշում է հաշտության պայմանագրի ստորագրումը:
Տակառը անվանվել է «Խաղաղության տակառ», քանի որ այն պետք է բացվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման օրը: Հյուրերը հիշարժան գրառում են նաև թողել ԵԿԳ-ի այցելուների գրքում:
Էքսկուրսիայի ավարտին Օռնելլա Մուտիին և Նաստասյա Կինսկիին նվիրել են հատուկ պատրաստված կոնյակներ՝ «ARARAT»-ի բացառիկ հավաքածուից:
Երևանի կոնյակի գործարանը հիմնադրվել է 1887 թ.-ին։ Ժամանակակից գործարանային համալիրը գործում է 1953 թ.-ից։ 1998 թ.-ին ԵԿԳ ընդգրկվել է Պեռնո Ռիկար (Pernod Ricard) միջազգային կորպորացիայի խմբի կազմում, որը ալկոհոլային խմիչքների մի շարք հանրահայտ ապրանքանիշերի սեփականատերն է և աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում ալկոհոլային խմիչքների արտադրության ու վաճառքի ցուցանիշներով։ Պեռնո Ռիկար ընկերությունը ԵՀԳ ձեռք է բերել միջազգային մրցույթում 30 մլն դոլարով։ -0-