ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Նոր «Հայաստան» կինոթատրոն է բացվել երկուշաբթի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, հայ խոշոր ձեռնարկատեր Գագիկ Ծառուկյանը։
Շրջայցի ընթացքում Հանրապետության նախագահը ծանոթացել է 2013 թվականից կինոթատրոնում իրականացված վերանորոգման աշխատանքներին և կատարված` շուրջ 8 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրումների արդյունքում ստեղծված ժամանակակից ընտանեկան ժամանցի կենտրոնի (կինոթատրոն, խաղասրահներ, երաժշտական ժամանցի կենտրոն) հնարավորություններին:
Ընտանեկան հանգիստը կազմակերպելու համար կենտրոնում գործում են նաև սննդի կետեր, սրճարաններ: Նախատեսվում է, որ 2-3 ամսից կգործի կենտրոնի երաժշտական ժամանցի կենտրոնը:
Կինոթատրոնի վերակառուցմանը զուգահեռ բարեկարգվել է նաև հարակից այգու մոտ 1 հա տարածքը, որտեղ տնկվել են շուրջ 500 տարբեր ծառատեսակներ, հիմնովին նոր դիզայնով կառուցվել է այգու և շենքի լուսային ձևավորումը, վերանորոգվել են այգու շատրվանները:
Կենտրոնում կիրականացվեն նաև բարեգործական ծրագրեր, կկազմակերպվեն երիտասարդ կինոգործիչների, կինոյի տեխնիկական մասնագետների ուսումնական դասընթացներ:
Կինոթատրոնն այս տարի դռներն է բացելու նաև «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մասնակիցների համար. ցուցադրվելու են փառատոնի մասնակից ֆիլմեր, հյուրընկալվելու են մասնակից ռեժիսորներն ու դերասանները, կազմակերպվելու են քննարկումներ, կինոդիտումներ:
Այժմ Երևանում գործում են «Մոսկվա», «Նաիրի» և «Սինեմա Սթար» կինոթատրոնները։-0-