ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Բրիտանական խորհուրդն ու Երևանում Բրիտանական դեսպանատունն ամփոփել են Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնը` ներկայացնելով փառատոնի արդյունքներն ու հայտարարված երեք մրցույթի հաղթողներին, հայտնում Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի մամուլի ծառայությունը:
Փառատոնի շրջանակում Beeline–ի հետ համատեղ հայտարարվել էր փառատոնային ֆիլմերի այլընտրանքային պաստառների, «Սիրո լավագույն հաղորդագրություն» և «Սիրո ուժը» լուսանկարների մրցույթները:
Փառատոնային ֆիլմերի այլընտրանքային պաստառների մրցույթին ներկայացվել էր 23 աշխատանք: Երեք հաղթող աշխատանքներն ընտրել էր բրիտանական կինոյի փորձագետ Քրիստին Բարդսլին (ՄԹ): Հաղթող ճանաչվեցին Հրաչյա Հակոբյանի («Նմանակման խաղ»), Սրբուհի Աչոյանի («Անտեսանելի կինը») և Զինա Գրիգորյանի («Վիրունգա») աշխատանքները:
«Ոգևորիչ էր տեսնել, որ փառատոնը յուրաքանչյուր տարի հետաքրքրում է առավել մեծ թվով հանդիսատեսի: Այս տարի փառատոնի հանդեպ հետաքրքրությունը մեծ էր, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ փառատոնը դարձել է սիրված ու սպասված իրադարձություն մեր մշակութային կյանքում»,-ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:
Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնը Երևանում մեկնարկել էր փետրվարի 14-ին, իսկ մարզերում՝ մարտի 5-ին, որի ընթացքում ներկայացվել են 7 գեղարվեստական և մեկ վավերագրական ֆիլմ: Ցուցադրություններին մասնակցելու հնարավորություն ունեցավ Ավելի քան 8000 հանդիսատես:
Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնի կազմակերպիչներն են Բրիտանական խորհուրդը և Երևանում Բրիտանական դեսպանատունը, փառատոնի գլխավոր հովանավորն է Beeline-ը։ Փառատոնին աջակցում է ՀՀ Մշակույթի նախարարությունը:-0-