«Հայաստան, տապանի ժողովուրդ» ցուցահանդեսը կբացվի Հռոմում
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայ մշակույթին և հայ-իտալական մշակութային առնչություններին նվիրված «Հայաստան, տապանի ժողովուրդ» խորագրով ցուցահանդես կբացվի մարտի 4-ին Հռոմի «Վիտտորիանո» ցուցահանդեսային համալիրում, հայտնվում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքում։
Ցուցահանդեսը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Հայաստանի Հանրապետությունից ցուցահանդեսին կներկայացվի 26 ցուցանմուշ` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարաններ (6 նմուշ), «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ (2 նմուշ) և Հայաստանի պատմության թանգարան (18 նմուշ):
Ցուցահանդեսին ավելի քան 60 բացառիկ վավերագրերով և նմուշներով կմասնակցի Իտալիայի 6 մշակութային հաստատություն` Վենետիկի, Ճենովայի, Սևիլիայի պետական և Վատիկանի քարտուղարության արխիվները, Ֆլորենցիայի Ռիկկարդիանա գրադարանը, Վենետիկի Կորրեր թանգարանը, ինչպես նաև Մխիթարյան Միաբանությունը` 13 անկրկնելի ձեռագիր նմուշներով:
Ցուցահանդեսը, որը կազմակերպվել է ՀՀ մշակույթի նախարարության և «Կոմունիկարե օրգանիզանդո» հաստատության միջև կնքված համաձայնագրի հիման վրա, կգործի մինչև մայիսի 3-ը: --0--