Հայաստանում մեկնարկել է Մենակատարների հանրապետական մրցույթը

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Մենակատարների 6-րդ հանրապետական մրցույթը (դասական վոկալ) ուրբաթ մեկնարկել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Այն նվիրված է հռչակավոր հայ երգչուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գոհար Գասպարյանի (սոպրանո) 90-ամյակին:
ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության ղեկավար Սեյրանուհի Գեղամյանի խոսքերով՝ մրցույթը հաջող հարթակ է երիտասարդ կատարողների համար:
«Մրցույթի շատ մասնակիցներ նախորդ տարիներին համալրել են Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստների շարքերը: Մեր նպատակն է բացահայտել նոր անուններ տաղանդավոր երիտասարդների շրջանում», - ասաց Գեղամյանն ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ:
Հայաստանի երաժշտական միության նախագահ, մրցույթի կազմկոմիտեի նախագահ Դավիթ Ղազարյանն իր հերթին նշեց, որ միջոցառումները մեկնարկում են նոյեմբերի 7-ին փոքր համերգով և վիճակահանությամբ, իսկ մրցութային ծրագիրը կմեկնարկի նոյեմբերի 11-ին և կընթանա երեք փուլով:
«Մրցույթը կեզրափակվի մրցույթի հաղթողների գալա-համերգով դեկտեմբերի 14-ին՝ Գոհար Գասպարյանի ծննդյան օրը: Այս տարի մենք ստացել ենք մասնակցության 53 հայտ», - ասաց Ղազարյանը:
Նրա խոսքերով՝ սահմանված են հետևյալ մրցանակները՝ երկու առաջին տեղի մրցանակ 300 հազար դրամ (մոտ 725 դոլար), երկու երկրորդ տեղի մրցանակ՝ 250 հազար դրամ (մոտ 605 դոլար), երկու երրորդ տեղի մրցանակ՝ 200 հազար դրամ (մոտ 485 դոլար):
Ղազարյանն ավելացրեց, որ մրցույթի շրջանակում նախատեսված են հինգ հատուկ մրցանակներ 100 հազար դրամի չափով (մոտ 240 դոլար):
«Այս տարի մրցույթի առանձնահատկությունն այն է, որ մրցանակակիրներին կհանձնվի հատուկ մրցանակ՝ արձանիկ, որի հեղինակը քանդակագործ Արման Դավթյանն է (Նուռ)», - նշեց նա:
Մրցույթի կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի երաժշտական միությունը, Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: Մրցույթն անցկացվում է 1999 թ.-ից, սակայն 2008 թ.-ից այն անցկացվում է երեք տարին մեկ անգամ:-0-