ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Աշխարհահռչակ ջութակահար Զախար Բրոնը (ջութակահար, Գերմանիա) և անվանի դաշնակահար Վահագն Պապյանը (դաշնամուր, Իսրայել) ելույթ կունենան Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նվագակցությամբ Արամ Խաչատրյանի անվան երկրորդ միջազգային փառատոնի շրջանակում, տեղեկացրեց նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:
Համերգը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին Ա. Խաչատրյանի անվան համերգասրահում: «Առաջին անգամ չէ, որ համագործակցում ենք Վահագն Պապյանի հետ և շատ ենք գնահատում համատեղ աշխատանքը: Ինչ վերաբերում է Զախար Բրոնի հետ համատեղ ելույթին, ապա դա շատ կարևոր է ինձ համար, քանի որ պարոն Բրոնն իմ ուսուցիչն է», - ասաց Սմբատյանը:
Նրա խոսքերով՝ համերգին կմասնակցի հայտնի ճապոնացի երիտասարդ ջութակահարուհի Մոնե Հաթորին, իսկ համերգը կնվիրվի հայտնի ջութակահար Ավետ Գաբրիելյանի 115-ամյակին:
Զախար Բրոնն իր հերթին նշեց, որ շուրջ 30 տարի չի եղել Հայաստանում, և սա իր երկրորդ այցն է:
«Ես հանդիպել և աշխատել եմ բազմաթիվ տաղանդավոր հայ երաժիշտների հետ և անգամ երիտասարդ տարիքում Արամ Խաչատրյանի աշակերտն եմ եղել: Նա շատ կոլորիտային մարդ էր՝ ոչ միայն որպես երաժիշտ, այլ նաև որպես անձնավորություն», - ասաց երաժիշտը:
Բրոնը նաև ավելացրեց, որ վարպետության դաս կանցկացնի հայ ուսանողների համար և համոզմունք հայտնեց, որ կհանդիպի բազմաթիվ տաղանդավոր երիտասարդ երաժիշտների:
Ջութակահարուհի Մոնե Հաթորին նշեց, որ շատ է սիրում Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները, չնայած երբեք չի կատարել դրանք: «Ես անպայման կսովորեմ Նվագախմբի և ջութակի կոնցերտը», - ասաց նա:
Համերգին կհնչեն Բախի, Գրիգի և Վենյավսկու ստեղծագործությունները:
Արամ Խաչատրյանի անվան միջազգային երաժշտական փառատոնը Հայաստանում անցկացվում է նախորդ տարվանից։
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ինֆորմացիոն հովանավորն է: -0-