ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել «Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն ստուդիա» ՀԿ-ին Երևանի կենտրոնական փողոցներից մեկում ավելի քան 620 քառակուսի մետր մակերեսով տարածք տրամադրելու մասին:
Ինչպես հարցը ներկայացնելիս նշել է պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, տարածքը տրամադրվել է անհատույց 25 տարի ժամկետով:
«Նախատեսվում է, որ տրամադրված տարածքում կգործի մանկական անիմացիոն դպրոց, կինոթատրոն և մուլտիպլիկացիայի ստուդիա: Հետագայում նախատեսվում է նաև ստեղծել Հայկական անիմացիայի թանգարան», - ասել է Սահակյանը:
«Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն ստուդիա» ՀԿ-ի հիմնական նպատակն է երիտասարդության շրջանում զարգացնել դասական անիմացիայի նկատմամբ ձգտումը, նրանց մեջ արթնացնել ազգային մուլտիպլիկացիոն արվեստի նկատմամբ հետաքրքրությունը, ինչպես նաև ստեղծել հայկական անիմացիայի թանգարան, կինոթատրոն, մանկական անիմացիոն դպրոց և մուլտստուդիա:
Հայկական մուլտիպլիկացիան լայն միջազգային տարածում է ստացել հայ հայտնի խորհրդային ռեժիսոր Ռոբերտ Սահակյանցի ստեղծագործության շնորհիվ: Սահակյանցի մուլտֆիլմերի մեղեդիները մինչ օրս հայտնի են:
Ռեժիսորը ծնվել է 1950 թ.-ին Բաքվում, 1964 թ.-ից ապրել է Երևանում, 1970 թ.-ից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում՝ որպես նկարիչ-մուլտիպլիկատոր, իսկ 1972 թ.-ից՝ որպես ռեժիսոր-մուլտիպլիկատոր: Սահակյանցը նաև իր գրեթե բոլոր ֆիլմերի և տեսահոլովակների սցենարի հեղինակն ու բեմադրող նկարիչն է, նա նաև «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանված այլ անիմացիոն ֆիլմերի համահեղինակն է: Սահակյանցի հեղինակած մուլտֆիլմերն են՝ «Մորու գույնի երեք կապույտ կապույտ լճակը» (1981), «Բարեկենդանը» (1985), «Կապույտ ծովում, սպիտակ փրփուրի մեջ» (1984), «Ո՞վ կպատմի չեղած բաներ» (1982), «Խոսող ձուկը» (1983) մուլտֆիլմերը:
Ֆիլմերն արժանացել է միջազգային և համամիութենական կինոփառատոնների մրցանակների Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Ճապոնիայում, ինչպես նաև Կիևում, Երևանում, Մոսկվայում, Տալլինում: Սահակյանցը մահացել է 2009 թ.-ի սեպտեմբերի 24-ին 59 տարեկանում երկարատև հիվանդությունից և սրտի ծանր վիրահատությունից հետո:-0-