ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Ֆրանսիացի անվանի կոմպոզիտոր և թավջութակահար, Ֆրանսիայի Պատվավոր Լեգեոնի շքանշանի ասպետ Դիմինիկ դը Վիլենկուրը (Dominique De Williencourt) հունիսի 22–ին համերգ կտա Երևանում, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանի պետական կամերային նվագախմբի մամուլի ծառայությունից։
Համերգը տեղի կունենա Կամերային երաժշտության տանը, Պետական կամերկային նվագախմբի ուղեկցությամբ։ Կհնչեն դը Վիլենկուրի ստեղծագործություններից մեկը, Էդվարդ Գրիգի Հնագույն ոճով սյուիտը (Հոլդբերգ–սյուիտ) և Ռոբերտ Շումանի Թավջութակի և նվագախմբի համար կոնցերտը (Վիլենկուրի գործիքավորմամբ)։
Ավելի քան 40 երկրում համերգներով ելույթ ունեցող թավջութակահար և կոմպոզիտոր Վիլենկուրը ոգեշնչվում է արաբական, հայկական, տիբեթական թեմաներից և մարմնավորում է Սահարա, Յեմեն, Կենտրոնական Ասիա, Հնդկաստան, Կովկաս կատարած ճանապարհորդություններից ստացած տպավորությունները։
Ներկայում դը Վիլենկուրը Փարիզի բարձրագույն կոնսերվատորիայի թավջութակի պրոֆեսոր է։ 1994 թվականից նա «Երրորդ հազարամյակի շրջագայությունների» ամենամյա ծովային ճանապարհորդությունների կազմակերպիչն է, որը նավի վրա է հավաքում համաշխարհային երաժշտական վերնախավը` լորդ Իեհուդի Մենուհինին, Մարսել Լանդովսկուն, Բարբարա Հենդրիքսին, Խոսե Վան Դամին, Թերեզա Բերգանցին, Մերիլին Հորնին, Գիդոն Կրեմերին, Բորոդինի անվան քառյակը և անվանի այլ երաժիշտների։ -0-