Երևանի պետական կրկեսի նոր շենքի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2015 թ.–ի կեսերին

27.05.2014, 19:38
Երևանի պետական կրկեսի նոր շենքի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2015 թ.–ի կեսերին, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց կրկեսի տնօրեն Սոս Պետրոսյանը։
Երևանի պետական կրկեսի նոր շենքի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2015 թ.–ի կեսերին

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի պետական կրկեսի նոր շենքի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2015 թ.–ի կեսերին, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց կրկեսի տնօրեն Սոս Պետրոսյանը։

«Շենքի շինարարությունն իրականացվում է մեծ թափով, արդեն սկսվել են երկրորդ հարկի աշխատանքները։ Շինարարական աշխատանքների ավարտից հետո մենք կունենանք հիանալի հինգ հարկանի շինություն», – ասել է նա։

Պետրոսյանը նշել է, որ Երևանի պետական կրկեսի նոր շենքը կլինի նախկինից ավելի լայն և գեղեցիկ, այն կարող է տեղավորել մոտ 2300 հանդիսատես` նախկին 1563–ի փոխարեն։ Շենքը համալրված կլինի նաև գերժամանակակից սարքավորումներով։

«Այստեղ էլ կկառուցվի ստորգետնյա երկհարկանի ավտոկանգառ, որպեսզի ավտոմեքենաներով եկած մարդիկ անհարմարություն չզգան կայանատեղ փնտրելիս», – նշել է նա։

Տեղեկացնելով, որ շենքի շինարարության համար «Տաշիր» ընկերությունների խումբը հատկացրել է 10 մլն դոլար` կրկեսի տնօրենը ենթադրել է, որ այդ գումարը հետագայում մի փոքր կավելանա։
Պետրոսյանը նաև նշել է, որ նոր կրկեսի բացմանը սպասում են ինչպես տեղի, այնպես էլ բազմաթիվ օտարերկրյա հայտնի արտիստներ։ Միաժամանակ նա վստահեցրել է, որ ներկայացումների տոմսերը մատչելի կլինեն։

2011 թ.–ի մարտին Երևանի քաղաքապետարանն ու «Տաշիր» ընկերությունների խումբը երկարաժամկետ համագործակցության համաձայնագիր ստորագրեցին, որի շրջանակներում Երևանի կենտրոնում նախատեսվում էր վերակառուցել և արդիականացնել երևանյան կրկեսը։ Սակայն ավելի ուշ որոշում ընդունվել կրկեսի նոր շենք կառուցել։

Նախկին շենքը կառուցվել էր 1962 թ.–ին։ Երևանի կրկեսում ելույթ են ունեցել այնպիսի լեգենդար արտիստներ, ինչպիսիք են` Կարանդաշը, Լեոնիդ Ենգիբարյանը, Իգոր Կիոն, Ստեփան Իսահակյանը։–0–