Հայաստանի պատմամշակութային ժառանգության միայն 9 տոկոսն է ներկայացված թանգարանների ցուցադրություններում. Մշակույթի նախարարություն

16.05.2014, 19:00
Հայաստանի պատմամշակութային ժառանգության միայն 9 տոկոսն է ներկայացված թանգարանների ցուցադրություններում, ուրբաթ ասաց ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը։
Հայաստանի պատմամշակութային ժառանգության միայն 9 տոկոսն է ներկայացված թանգարանների ցուցադրություններում. Մշակույթի նախարարություն

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի պատմամշակութային ժառանգության միայն 9 տոկոսն է ներկայացված թանգարանների ցուցադրություններում, ուրբաթ ասաց ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը։

«Մեր հանրապետության ամենալուրջ խնդիրներից է ցուցադրական հարթակների պակասը», – ասաց նա «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կազմակերպված Մոսկվա–Երևան–Թբիլիսի տեսակամուրջի ընթացքում։

Միաժամանակ Սամուելյանը նշեց, որ վերջին երկու տարվա ընթացքում հանրապետությունում այդ ուղղությամբ լուրջ քայլեր են ձեռնարկվել։ Մասնավորապես, նրա խոսքով, այդ ժամանակահատվածում վերանորոգվել և ընդլայնվել է աշխարհահռչակ գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի տուն–թանգարանը, իսկ այս պահին աշխատանքներ են ընթանում Ցեղասպանության 100–րդ տարելիցի նախաշեմին Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի ցուցադրական հարթակների ընդլայնման ուղղությամբ ։

«Բացի այդ, մենք հատուկ կարևորում ենք վիրտուալ հարթակների ստեղծումը, որոնք աշխարհի շատ թանգարաններում ցուցադրությունը տարածելու միջոցներից մեկն են», – ասաց նա։

Որպես նման վիրտուալ ցուցադրության օրինակ` փոխնախարարը նշեց 2013 թ.–ին ստեղծված գորգերի վիրտուալ թանգարանը։

Փոխնախարարը հույս է հայտնեց, որ հետագայում նման վիրտուալ ցուցահանդեսների թիվը Հայաստանում կավելանա` նպաստելով ներկայացված ցուցանմուշների նկատմամբ հասարակության հետաքրքրության ավելացմանը։–0–