ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, հանդես կգա որպես Բեյրութի Al Bustan միջազգային 20–րդ փառատոնի պաշտոնական նվագախումբ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց երաժշտական կոլեկտիվի մամուլի քարտուղար Մելինե Հակոբյանը։
Պետական երիտասարդական նվագախմբի առաջին համերգն այդ կարգավիճակով կկայանա մարտի 19–ին Բեյրութի Սուրբ Հովսեփ եկեղեցում։ Ծրագրում կլինեն Լյուդվիգ վան Բեթհովենի թիվ 9 և թիվ 6 սիմֆոնիաները։ Այդ օրը նվագախումբը կղեկավարի իտալացի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն։
Ընդհանուր առմամբ փառատոնի շրջանակում նվագախումբը չորս համերգ կտա, որոնց ընթացքում կկատարի Չայկովսկու «Կարապի լիճ» բալետի սյուիտը, Բերլիոզի «Ամառային գիշերներ» վոկալ–սիմֆոնիկ շարքը, թավջութակի համար Շումանի կոնցերտը, ինչպես նաև լիբանանցի կոմպոզիտոր Խալեդ Մուզանարի` ֆիլմերի համար գրված երաժշտությունը։
«Պետական երաժշտական նվագախումբը հայկական կոլեկտիվներից առաջինն է, որ նման հրավեր է ստացել Al Bustan փառատոնից»,– ասաց Հակոբյանը։
2013 թվականի ամռանը Հայաստանի պետական երաժշտական նվագախումբը դարձել է Իտալիայի Musica Riva հեղինակավոր միջազգային փառատոնի պաշտոնական նվագախումբը։
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հիմնել է դիրիժոր Սերգեյ Սմբատյանը 2005թ-ին։Նվագախումբը Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ ելույթ է ունեցել աշխարհի հանրահայտ համերգասրահներում` Opera Garnier (Փարիզ), Konzerthaus (Բեռլին), Dr. Anton Philipszaal (Հաագա), Չայկովսկու անվան համերգասրահ և Կոնսերվատորիայի Մեծ համերգասրահ (Մոսկվա), Palais des Beaux-Arts (Բրյուսել) և այլն:
Երիտասարդական նվագախումբը սերտ ստեղծագործական հարաբերություններ ունի բեմի աշխարհահռչակ վարպետների հետ` Վալերի Գերգիև, Քշիշտոֆ Պենդերեցկի, Վլադիմիր Սպիվակով, Գրիգորի Ժիսլին, Մաքսիմ Վենգերով, Դենիս Մացուև, Վադիմ Ռեպին, Վահագն Պապյան, Բորիս Բերեզովսկի և այլոք:
2007թ-ից նվագախումբը հանդիսանում է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի պաշտոնական նվագախումբ, իսկ 2009թ-ից նվագախումբը հանդիսանում է Եվրոպայի ազգային երիտասարդական նվագախմբերի ֆեդերացիայի անդամ (EFNYO): 2013թ. հունիսից Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը Երաժշտական գործակալների միջազգային ասոցիացիայի (International Artist Managers’ Association- IAMA) անդամ է։
Երիտասարդական նվագախումբը մշտապես մասնակցություն է ունենում միջազգային փառատոներում` Մոսկովյան Զատկի փառատոն (Մոսկվա), YOUNG.EURO.CLASSIC (Բեռլին), Օդեսան դիմավորում է ընկերներին (Օդեսա), Kultursommer Nordhessen (Կասսել), Young.Classic.Wratislavia (Վրոցլավ) և այլն:
Երիտասարդ երաժիշտները անընդմեջ նախաձեռնում և իրականացնում են բարեգործական միջոցառումներ Հայաստանում և արտերկրում:
Նվագախմբի հսկայական երկացանկն ընդգրկում է ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից ստեղծագործություններ։ 2012թ-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նվագախմբին հանձնել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից սահմանված «Հայկյան» մրցանակ` «Երիտասարդության շրջանում մշակութային արժեքների լավագույնս ներկայացրած կազմակերպություն» անվանակարգում: -0-