Պատրիսիա Կաասը տպավորված է հայ հանդիսատեսի ջերմ ընդունելությամբ և խոստանում է առաջիկայում վերադառնալ

10.03.2014, 14:58
Աշխարհահռչակ ֆրանսիացի երգչուհի Պատրիսիա Կաասը, ով նախօրեին Երևանում հանդես է եկել «Կաասը երգում է Պիաֆ» ծրագրով, երկուշաբթի լրագրողներին ասել է, որ տպավորված է հայ հանդիսատեսի ջերմ ընդունելությամբ, նա ցանկություն է հայտնել առաջիկայում կրկին վերադառնալ Հայաստան։
Պատրիսիա Կաասը տպավորված է հայ հանդիսատեսի ջերմ ընդունելությամբ և խոստանում է առաջիկայում վերադառնալ

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Աշխարհահռչակ ֆրանսիացի երգչուհի Պատրիսիա Կաասը, ով նախօրեին Երևանում հանդես է եկել «Կաասը երգում է Պիաֆ» ծրագրով, երկուշաբթի լրագրողներին ասել է, որ տպավորված է հայ հանդիսատեսի ջերմ ընդունելությամբ, նա ցանկություն է հայտնել առաջիկայում կրկին վերադառնալ Հայաստան։

«Ես շատ վաղուց էի ցանկանում այցելել Հայաստան և երգել այստեղ։ Երջանիկ եմ, որ վերջապես դա տեղի ունեցավ, ուրախ եմ, որ ելույթ ունեցա հենց այս ծրագրով` ֆրանսիական շանսոնի լեգենդ Էդիտ Պիաֆի երգերով։ Երբ երկիր ես այցելում, երբեք չգիտես, թե ինչպես կընդունի քեզ հանդիսատեսը։ Սակայն այս մեծ դահլիճը ջերմ ընդունելություն ցուցաբերեց, իմ բոլոր սպասումներն արդարացան։ Հուսով եմ, որ կարճ ժամանակ անց կվերադառնամ», – ասել է Կաասը։

Պատրիցիա Կասի այցը և համերգը հնարավոր դարձան Երեւանյան հեռանկարներ փառատոնի, ՀՀ ԱԳ եւ մշակույթի նախարարությունների, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան, Երեւանի Կոնյակի գործարանի շնորհիվ:

Երգչուհին նշել է, որ «Կաասը երգում է Պիաֆ» համերգային շրջագայությունը տևում է արդեն մեկ տարի, սակայն միայն Հայաստանում է նա որոշել ծրագրում ներառել նաև սեփական երգացանկի երգերը։

«Այս ծրագիրը հարգանքի տուրք է լեգենդին։ Այն նվիրված էր Պիաֆի մահվան 50–ամյա տարելիցին» Այս ծրագիրն իմ անձնական վերաբերմունքն է այդ երգչուհու, նրա ստեղծագործության նկատմամբ։ Ես Պիաֆի երգացանկից ընտրել եմ հենց այն երգերը, որոնք լավագույն կերպով են ներկայացնում նրա կյանքի էմոցիոնալ կողմը», – ասել է նա։

Կաասն ընդգծել է, որ իր խնդիրը Պիաֆին կրկնօրինակելը չէր, նա միայն ցանկանում էր ներկայացնել մի կնոջ պատմությունը այլ կնոջ շուրթերի միջոցով։

«Ես չեմ կրկնօրինակել, ես զգացել եմ։ Երկար եմ պատրաստվել այս ծրագրին, դիտել եմ նրա բոլոր հարցազրույցները, որպեսզի հասկանամ նրան, կարողանամ Պիաֆի նման ուրախանալ և տխրել։ Ես երգել եմ սրտով, փորձել եմ զգալ նրա կյանքն ու պատկերացնել նրա ապրումները», – ասել է նա։

Երգչուհին նաև պատմել  է իր փորձի մասին որպես դրամատիկ դերասանուհի Կլոդ Լելուշի «Իսկ այժմ.....տիկնայք և պարոնայք» (And now... Ladies and Gentlemen, 2002), Տիերի Բենիստի «Սպանվածը» ֆիլմերում։

«Ես դերասանուհի չեմ, չեմ տիրապետում պրոֆեսիոնալ կինոդերասանների բոլոր նրբություններին, սակայն իմ աշխատանքները կինոյում մեծ մասամբ օգնեցին ինձ ավելի լավ զգալ Պիաֆի երգացանկը», – նշել է նա։

Խոսելով իր հետագա ծրագրեր մասին` նա խոստովանել է, որ երբեք չգիտի, թե ինչով է զբաղվելու հետագայում։

«Ես այսօրվա օրով ապրող մարդ եմ։ Ինչ կլինի հետագայում, կախված է նրանց, թե ինչ կզգամ այդ ժամանակ։ Մայիսին, երբ ավարտվի «Կաասը երգում է Պիաֆ» համերգային շրջագայությունը, ես արձակուրդ կվերցնեմ, իսկ հետո կորոշեմ` ինչ անել։ Ամենայն հավանականությամբ, կաշխատեմ Stromae–ի հետ (հայտնի բելգիացի ռեփեր, «Նովոստի–Արմենիա»), որով ես հիմա շատ հետաքրքրված եմ», – ասել է նա։

Երգչուհին նաև պատմել է լրագրողներին, որ սիրում է պարել և միշտ շատ է անհանգստանում բեմ դուրս գալուց առաջ։ «Թվում է, թե այսքան տարիներ անց ես արդեն չպետք է անհանգստանամ, սակայն ես շատ եմ անհանգստանում։ Դա պատասխանատվություն է», – նշել է նա։

Երևանում կայացած Պատրիսիա Կաասի համերգը նշանավորեց Հայաստանում Ֆրանկոֆոնիայի սեզոնի մեկնարկը, որը կտևի երկու ամիս, որոնց ընթացքում կանցկացվի շուրջ 400 մշակութային և կրթական միջոցառում։

ՀՀ արտաքին գործերի նախարարության հովանու ներքո Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, ARARAT կոնյակների աջակցությամբ «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի կողմից կազմակերպված հանրահայտ ֆրանսիացի երգչուհի Պատրիսիա Կաասի համերգը Ֆրանկոֆոնիայի երկամսյակի մեկնարկի գալա համերգն էր:

Հայաստանը 2009 թվականից ակտիվորեն մասնակցում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կազմակերպած միջոցառումներին։ Կինշասում 2012 թվականին անցկացված գագաթնաժողովի ընթացքում Հայաստանը դարձել է Ֆրանկոֆոնիայի կազմակերպության լիիրավ անդամ։

2009-2012 թվականներին Հայաստանում Ֆրանկոֆոնիայի շրջանակում համերգներով հանդես են եկել Գարուն և Լարա Ֆաբիանը, անցկացվել են գրական և թատերական միջոցառումներ։ -0-